Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարճ կտրեմ, որոշված է հանգանակել նեղ-հարուստ շրջանում, իմիջիայլոց դիմել և քեզ, հանգանակելու քո վիճակում, հարուստներից4։ Այս ժողովի խնդիրն ու առաջարկությունն է, որ գրում եմ քեզ. քո անունն Աղայանցն էլ է տվել ինձ, ես էլ քո նամակի՝ նրան վերաբերյալ տողերը կարդացի յուր մոտ, որի համար շատ է շնորհակալ և բարևում է քեզ5։

Թե ինձ հարցնես, ես «Մծիրին» եմ շարունակում և մի քանի այլ բաներ6։ Մյուս անգամ կգրեմ իմ և Արասխանյանցի նամակագրության7 և իմ ու Աղայանցի շուն ազատելու պատմությունը8։

Նամակումդ, չմոռանաս, գրիր, որ ես ասացի Գրիգորին, թե Արասխանյանին ասի, թե ինքն է նամակներ գրել, որ հոդվածը ետ առնեմ (նամակները մոտս են), միասին գնացիք, եկաք ասացիք, որ հերքեցիք9։ Ի՞նչ եք ասել, որ Արասխանյանին այժմ էլի տեղիք է տալիս հարցնելու10։

Համբույրս:
Քո Հովհաննես

75. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

1895, IV/15, Թիֆլիս

Ֆիլիպ,

Կարդացի Աբեղյանի գրությունը1։ Շատ կարևոր ու նշանավոր է նյութը, հմուտ մարդու ձեռքով է գրած, բայց շատ է ձգձգված։ Այս հոդվածում միայն կայծակի դիցաբանության մասին է խոսում, ապացուցում է, որ Ծովինարն է նորա այլաբանությունը, սակայն սխալներ կան. օրինակ, իբրև թե լոռեցիք կայծակին ծովինար են ասում։ Լոռեցիք ոչ թե ծովինար, այլ ծովիան են ասում, և այն էլ ոչ թե կայծակին, այլ՝ փայլակին, ինչպես ես գործ եմ ածել իմ II հատորի «Մի պատկեր» ոտանավորում.