ղարաչու[1] նման ծղրտալ… կամ թե ինչպես էին լակոտները չվլվում տան միջին ու փախչում դես ու դեն… Այդ բոլորը յուր ուժիցն էին պատեպատ ընկնում։ Իհարկե, ես համաձայն էի նորա հետ, որ բոլորը պատմեր և նա շատ բաներ պատմեց։ Եվ պատմեց, և տեսա, թե ինչպես յուր կինը համաձայն էր (այդ խնդիրի<՞>) յուր հարևանի կնոջ հետ մարդու ունեցած հարաբերությանը, որ կատարվում էր յուր, համարյա թե, ներկայությամբ, և այդ բանն էլ գիտեր յուր հարևանը (մարդը)։ Ես սկզբում չէի հավատում, բայց շուտով ականատես եղա և հավաստիացա։ Նա ինձ հետ ուրիշ շատ բաներ խոսաց, ես էլ շատ բաներ տեսա, որ այժմ չեմ գրում։ Բայց այն գիշեր իմ քունը չտարավ։ Անկողնից ելա, շատ ման եկա դուրսը. մի՞թե սա է այն բարոյական, անվանի տունը, անդադար գլխումս մուրճի նման զարկում էր այս հարցը։ Այս ժամանակ դարձյալ մի այլ տեսարան, որ կպատմեմ հետո, լրացրեց ամեն բան։ Այս մի դեպք է, (թերևս, սովորականներից մեկը, բայց շատ խոր ազդեց և ինձ շատ է բնորոշում մեր ապականված, ստոր կյանքը։ Ինչ լավ բան է եղել հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփույթ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել։ Որ ասում եմ խելագարվել, դու չկարծես այս և սույնանման դեպքերն եմ հիշում, ուրիշ շատ ու շատ հիշողություններ ու մտածմունքներ կան գլխումս խառնված։
Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ՝ այդ որսորդությունն է, իսկապես, թափառելը անտառներում, սար ու ձորերում։ Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս։ Մի տեղ էի գնացել. երբ որ իմացան տանցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է։ Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղ, թեև մի քիչ էլ մի բանից վախեցի։ Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել։
- ↑ Աներես։