Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիսունից։ Ամեն փողոցի վրա պարտատեր ունիմ և ամեն տեղ ստիպված եմ ճանապարհներս ծռել, խույս տալ։ Սակայն, այսուամենայնիվ, հանդիպում են միշտ և պահանջում ամեն ձևով։ Ես, իհարկե, ամեն մեկին պատասխանում եմ անհիմն խոստումներով, լռությամբ կամ ճնշվելով, միշտ անկարող հատուցանելու (սրանից է հառաշացել, թե գրողները պնդերես են, խոստմնազանց են, ստախոս են և այլն)։ Բայց այս բոլորն էլ տարանք, դե գոնե պարտք ճարվի։ Հատնում է, վերջանում է այն մարդկանց թիվը, որոնց կաթող էիր դիմել, էլ ոչ ոք չկա, էլ պարտք էլ չես կարող ճարել. դե՛հ, համեցեք․․․

— Բայց․․․ չէ՞ որ դու բանաստեղծ ես, պետք է գրես, տպես, ոգևորվես, ոգևորես, եթե այդ չես անում—թյու՜, ի՞նչ գրող ես…

Ահա ուղիղ քառասուն օր է ման եմ գալիս մուրհակիս վրա մեկին երաշխավոր ստորագրել տամ, որ բանկից կարողանամ մի գումար դուրս բերել, կամ մի գյուղ գնամ, ինձ ու ընտանիքիս ազատեմ այս կրակի միջից, կամ, վերջապես, թեկուզ հենց այստեղ մնալով, ծախսերը հոգամ։ Ասում եմ քառասուն օր է։ Որոնք կստորագրեին, նրանց էլ չեմ կարող դիմել, նրանց արդեն դիմել եմ ուրիշ դեպքերում, և ահա՝ ի՜նչ տեսակ մարդու ասես, որ չեմ դիմել, ի՜նչ տեսակ ձևով ասես, որ մերժում չեմ ստացել, և, իհարկե, այսպես էլ շարունակվում է։

— Բայց… չէ որ ես բանաստեղծ եմ. ազգիցն էլ դեռ թոշակ եմ ստանում, ի՞նչու չեմ գրում, ի՞նչու չեմ տպում, ինչու եմ լռել…

Այսքանը բավական էր, Արսեն, իզուր ինչու քեզ ավելի տխրեցնեմ։ Միայն, հոգիս, միանգամ ընդմիշտ համոզված եղիր, որ գրողը ձեռքով չի գրում, որ նրա երևակայության միջից հալածված կլինեն ստեղծագործական ամեն տեսակ գաղտնիքներ, քանի որ նրա մեջ խռնված կվխտան 57 պարտքատերեր, քանի որ նրա ականջներն ազատ չեն լինել