Արդյոք իշխանուհին եկե՞լ է, թե չէ. եթե եկել է բարևիր ինձանից և գրիր, թե ինչպես է նրա առողջությունը։ Շատ կուզենայի, որ դուն ու Ֆիլիպը մի քանի օրով գայիք այստեղ. եթե կարող ես հաջողեցրու՝ եկեք։
115. ԲԱՔՎԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Թիֆլիս–Բաքու
Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության հարգելի խորհրդին
Խոնարհաբար խնդրում եմ հարգո խորհրդիդ, որ այն թոշակադրամը1, որ ես իմ որդու անունով ստանում եմ Մարդասիրական ընկերությունից, առաջիկա տարվանը՝ յուր ժամանակին, երբ որոշված կլինի ուղարկել, այդտեղ հանձնել պ. Արսեն Կրասիլնիկյանին։
Հույս ունեմ, որ խորհուրդդ ներողամիտ կլինի, եթե ես նրան այսպիսով մի որևէ նեղություն եմ պատճառում։
1898, հոկտեմբերի 16, Թիֆլիս
116. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
Մեծարգո պ. Գալստյան,
Մարդասիրական ընկերության խորհրդին խնդրել եմ, որ առաջիկա տարվա իմ թոշակը յուր ժամանակին բարեհաճի հանձնել պ. Արսեն Կրասիլնիկյանին։ Եթե խորհուրդն իմ խնդիրն ընդունի, պ. Կրասիլնիկյանը այժմ ինձ կուղարկի այդ գումարը, որ հետո ինքն այդտեղ ստանա։ Միաժամանակ դիմում եմ ձեզ, խնդրում եմ, որ հաջողեցնեք, հավատացած