այն էլ մարկա չկար, թե նամակ/գրեի, կայարանը հեռու է, մեզանից մոտ կայարանում էլ չկար։ Մի մարկա, երկու բաց նամակ եմ ձեռք բերել և ահա նամակ եմ գրում Ձեզ, Ֆիլիպին ու Ռուստեմին1։ Այստեղ ինձ համար շատ ձանձրալի է անցնում ժամանակը։ Դաշտերն ու հանդերն այրված են երաշտից, գյուղը լիքն է կալի մղեղով (թոզով), գյուղացիներն էլ ամենքը իրանց գործին. այնպես որ, զրույց անող չկա։ Կարելի էր պարապել, բայց այն էլ մինչև այսօր ջերմս էր խանգարում, մեկ էլ բոլոր երեխաները ամբողջ օրը սենյակում են, որովհետև դուրսը սաստիկ շոգ է ու փոշի։ Կիրակի օրերը հավաքում եմ գյուղացիներին, խոսեցնում եմ, ուզում եմ լեգենդաներ հավաքել։ Արդեն մի երկու լավ բաներ եմ գտել2։ Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագությամբ մոռանում է իր հին զրույցներն ու ավանդությունները։ Ինձ սաստիկ ցավեցնում ու անհանգստացնում է այս հանգամանքը։ Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդաներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում, հաստատվում, առաջ գալիս, որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի։ Մտածում եմ այնպես անեմ, որ միաժամանակ՝ մի կամ երկու ամիս, րնտանիքիցս ազատվեմ, կարողանամ, մի քանի տեղեր կան, շրջեմ, հարց ու փորձ անեմ3։
Երեկ Յալթայից՝ Ս. Շահազիզից նամակ ստացա4։ Գրում է գրական ֆոնդի և գրողների դրության մասին։ Գրում է, թե գրական ֆոնդը, այսինքն այն գումարը, որ ինքը ետ է պահանջել, այսուհետև էլ ծառայելու է իր նպատակին։ Խոստանում է աշնանը նամակ գրել այս մասին5։
Աղայանցը ինձ մի նամակ է գրել, ասում է՝ մի տիկնոջից փող եմ ստացել, եթե տեղը գիտես, իմ շնորհակալությունս հայտնիր նորան6։ Ես այս շնորհակալությունը Ձեզ եմ ուղարկում։
Խնդրում եմ գրեցեք, թե ինչպես է Ձեր տրամադրությունը (այսինքն քեֆը), ինչպես եք ժամանակ անցկացնում,