Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուստեմն ու Ֆիլիպը այցելության եկա՞ն, թե չէ, արդյոք այդտեղ էլ բարեգործական հանդեսներ չե՞ք սարքում, եթե հանդեսներ չեք սարքում գոնե ծրագիրները կազմելիս կլինեք։ Արդյոք չէ՞ր կարելի, որ հիշեիք իմ խնդիրը-ինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից, որ ինձ համար այնքան թանկ են։ Գուցե թե՝ և հոգեբանական անալիզներ անեիք, որ այնքան սիրում եք Դուք. այդ արդեն շատ կուրախացնի ինձ: Նամակիս այս տեղը հասած՝ կարկուտ եկավ, բայց չնայելով կարկուտ էր, գյուղացիք ուրախ են՝ այնքան սոսկալի է երաշտը։

Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը, Լոխմանին ինքն էլ կնախանձի։ Միաժամանակ դատավորի ու քարոզչի գործ էլ եմ կատարում։ Ուզում եմ մի քանի բան անեմ, որոնց մասին հետևյալ անգամ կգրեմ։ Խնդրեմ նամակ գրեք այս հասցեով. Ст. Калагеран (Тифлисская Карсская железная дорога, Ованесу Туманянцу. Իմ և տիկնոջս կողմից սրտագին բարևներ։ Խորին հարգանքով՝

Միշտ Ձեր Հ. Թումանյան

122. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ-Բորժոմ

1899, օգոստոսի 12, <Դսեղ>

Հարգելի Մարիա Մարկովնա,

Ես մի տասն օրով գյուղից հեռացա, հասա մինչև Թիֆլիս։ Վերադարձիս շատ ուրախացա սեղանիս վրա գտնելով Ձեր նամակը1։

Ձեր նամակը կայարանից գյուղը բերող գյուղացին կորցրել էր ճանապարհին իրան հանձնած բոլոր լրագիրներն ու նամակները, թե՛ իմը, թե՛ ուրիշներինը. միայն Ձեր նամակն էր մնացել անկորուստ։