Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդասիր<ական> ընկ<երության> նպաստը, գուցե դեռ ավելացնեն և այլն, և այլն3։ Այս բոլորը հույսեր են չէ, և, եթե կուզես, բավական հաստատ հույսեր։ Ես էլ հավատացի և …տուն եմ վարձել4, երեխաներս ուսումնարան են գնում, մենք ապրում ենք, այն էլ 10-ը հոգով5, իսկ մինչև այսօր Շահազիզից տեղեկություն չկա, կես տարուց ավելի է, այն խումբը, որ մի նպաստ էր տալիս ու խոստանում մեծացնել, քանի ամիս է՝ տվածն էլ կտրել է, մարդկանց միջոցները երևի չեն ներում, Բաքվից էլ միայն լուրեր եմ ստանում։ Այժմ ինձ ասա, խնդրեմ, մի՞թե միայն ես եմ մեղավոր, որ տանջվում եմ 10-ը հոգով միասին և մինչև կոկորդս կորել եմ պարտքերի տակ, կամ միթե գրականությունն օգուտ կունենա սրանից, թեկուզ ես ոչ թե տաղանդ, այլ հանճար ունենամ։ Մի պատկերազարդ գիրք (լեգենդաներ) եմ ուզում տպել-նկարչին պատվեր եմ տվել, և մեջտեղ միայն մնացել ամոթով6։ Այս բոլորը գրելով, ուզում եմ այս ասել-Աղայանցն ասում էր այդտեղ ուզում եք մի բան անել, եթե այդպես է, Աղայանցն էլ այդտեղ է, դուք էլ, մանավանդ Ենգիբարյանն էլ ցանկություն է հայտնել ձեռներեց լինելու, մի վճռական բան արեք, իսկ եթե այդ չի լինելու՝ մի պարզ նամակ գրիր7, որ գլխիս ճարը տեսնեմ, թե չէ այսպիսով՝ ոչ գրականությանն օգուտ կտամ, ոչ ինձ։

Բարևում եմ բոլորիդ։

Քո Հովհաննես

Հասցես—Бебутовская № 50, д. Кючарянца.

126. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

1900, II/19, Թիֆլիս

Սիրելի Արսեն,

Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը։ Պետք է դարձյալ