ամեն տեղ։ Չգիտեն այն վսեմ շարժողությունը, որ կոչվում է թռիչք, և ոչ էլ ունեն այն ազնիվ սնունդի ճաշակը որ կոչվում է հոգեկան վայելք։ Դրանց մեջ չի ապրում ձգտումը կատարելության, որ դառնում է շատ խիզախների կորստյան պատճառը։ Գերմարդն ստեղծելու ձգտումն եմ ասում, ինչպես ասում է Նիցշեն, կամ ինչպես Քրիստոսն է հորդորում, աստծու նման կատարյալ լինելու ձգտոըմը։
Ահա հենց այս ձգտումն է թշվառացնում մարդկանց։ Այս մարդկանց մեջ պետք է թշվառներ որոնել։ Սրանք են զգում բարձրության կարոտը, սրանք են հասկանում բարձրության գաղափարր և, ապաքեն, հասկացողությունն ու զգացումն են պայմանավորում թշվառությունն ու բախտավորությունը։ Այստեղից են, ըստ իս, ծնունդ առնում բոլոր գերազանց դրամաները։
Ես որ ուզում էի դրամա գրող դառնալ, դարձել եմ այսպիսի մի դրամայի հերոսը և, ինձ թվում է, չորրորդ գործողության մեջն եմ։ Այդ ձգտումը քեզ շատ է ծանոթ ու հարազատ, և ես երբեք չեմ կասկածել, որ դու այդ ցեղի, կամ ինչպես դու ես ասում, լոժաներում նստած մարդկանցից ես, որոնց դու անվանում ես փիլիսոփաներ։ Դու ասում ես նոր եմ ընկել այս խմբի մեջ- սխալվում ես, այդ որոշումները լինում են ի ծնե և ի բնե։
Այստեղ, Շուլավեր, ծանոթացա Ալեքսանդր Թանձրիցյան մի պարոնի հետ, մի շատ թերուս երիտասարդ տաճկահայ, որ ծրագրում ու աշխատում է նոր, բոլորովին նոր տեսակի երկաթուղի շինել, շոգենավ ու օդապարիկ հնարել: Այդ նպատակի համար նա գործադրում է ոչ շոգի, ոչ գազ, ոչ էլեկտրականություն, այլ բոլորովին նոր մի ույժ է ծառայեցնում՝ պայթյունը։ Շատ շուտով մտերմացանք իրար հետ և ես սաստիկ սիրեցի նրան իր ցնորքների ու ձգտումների համար, և ինքն արդեն մի պատվական տղա է։ Ես հավատում եմ սրա գործին և երբոր լսես ու տեսնես, դու էլ կհավանես։