134. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Նամակդ կարդալիս չգիտեի զարմանամ, թե ծիծաղեմ, որ այնպես խանդով հերքում ես իմ «պլագիատ» բառը1։ Ես իսկի այդ մտքով չեմ գործ ածել, և շատ դատարկ բան եմ համարում հենց իմ այդ ոտանավորն2, այդ տեսակ սերն էլ հետը։ Քեզ պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս իմ մեջ շատ փոփոխություններ են կատարվում-մեկն էլ սիրո (և կնոջ) խորհուրդն ու իմաստն է, որ մերկացրել է իր խորհրդավորությունն ու թովչությունը, դարձել է շատ հասարակ մի երևույթ։ Եվ առհասարակ կյանքը, ինչ որ կա, զզվելու չափ անասնական է թվում ինձ ու բոլոր նրա հանդիսավոր շարժողություններն ու հուզումները՝ հասարակ, չնչին, մանր-մունր հանգամանքների քաոսային մի կուտակումն, որ ապշեցնում է ապուշներին, վախեցնում ու ճնշում է ողորմելիներին, ու խղճուկների անհամար բազմությունը իրար խառնած, քշում, տանում իր հոսանքի հետ, տակն ու վրա անելով։ Այս տեղ արդեն, թե ով գլուխ կանի՝ ով տակ, այդ կատարվում է հաճախ պատահական կերպով, դեպքերի բերմունքով, միանգամայն չեզոքացնելով և քամահրելով մարդկանց հոգեկան ունակությունների նշանակությունը, սրտի ազնվությունն ու առաքինությունը։ Սրանք արդեն հաջողության պայմաններ չեն։
Դու ինքդ էիր նկատել քո դասավորության մեջ, թե մարդկության մեծ բաժինը անասուններն են։ Ես մի բարձր արհամարհանք եմ տածում դեպի այդ անասունները։ Գուցե այս իմ հոգու արատներից է, որ հայտնում եմ, բայց այսպես է։ Դրանց ես ավելի պարզ ու հասարակ, ավելի անկատար արարածներ եմ համարում, քան անասուններ. ճիճուներ են դրանք, որոնք սողում են ամեն տեղ և ծծում են