այդ դյուրին չէր գալիս, իսկ այժմ շատ հասկանալի է դարձել ինձ համար և, մինչև անգամ, մեծ բավականություն եմ զգում։
Ավելի լավ է այստեղ կտրեմ. այս իմ խաչելությունն է՝ նախասահմանված, անխուսափելի, և տրտնջալն իզուր տանջանք է միայն։
Այժմ խոսենք քո բանաստեղծություններից։ Ինձ շատ դուր է գալիս, որ այդպիսի նամակներ եմ ստանում քեզանից։ Քո այդ մտմտուքներից ու խոհերից, որոնք լավն են կամ նյութ են դառնալու ինձ համար, կամ դրդելու են մի ուրիշ բանի։ Գլխավորապես քեզ պատասխանելու և քեզ համար։ Ահա, օրինակ, քո «Կուռքի» հետևանքը, նրա ներհակը սիրեցի ես էլ, որ այս է։ Իսկական էլ կգրեմ երևի և մի շարք այդպիսի բաներ կթխեմ, առայժմ այս։
Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին
Սիրեցի նորա հասակը նոճի,
Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին…
Ի՜նչպես սիրեցի, ո՜րքան տանջվեցի։
Բայց, ա՜խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
Ժպտացին աչքերն այնպես նենգավոր…
Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։
Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ
Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
Անվերջ զեղեցիկ, հավիտյան հպարտ…
Մի ուրիշն չէլ ունեմ, հիմա չգիտեմ՝ որտեղ է, որ արտագրեմ։ Այն առաջվան գրածիդ է վերաբերում։
Կարդացի Հրատ<արակչական> ընկ<երության> փակման մասին3։ Բայց հերիք է, վերջացնեմ։ Բարև բոլորիդ։