135. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Քո վերջին նյութերդ իսկապես լավն են1։ Լավն են, իհարկե, իբրև մտքեր, ոչ թե իբրև արտահայտություններ։ Ասում ես՝ չորրորդը վախենում եմ ուրիշն ասած լինի, հիշեցնում է Надсон-ի «Цветы»-ն: Այո՛, հիշեցնում է և գրեթե նույնն է ավելի պարզ ասած, ավելի հասարակ հայտնած։ Հենց բանն էլ հայտնելու ձևի և ուժի մեջն է. արտահայտությունն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը։ Մարդիկ վերցնենք, ամեն մարդ էլ մարդ է. բայց նրանցից ոմանք ունեն գեղեցիկ աչքեր, գրավիչ կերպարանք, անուշ ձայն և այլն, արտաքուստ կամ խելք ու շնորհք, ազնվություն ու անկեղծություն և այլ առաքինություններ։ Սրանք էապես տարբերվում են ընդհանուրից, որոնք զուրկ են այդ բոլորից։ Սրանք կենդանի բանաստեղծություններ են, բնության երգերն են։ Ճշմարիտ. մի՞թե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն։ Ասելս այն է, որ դու զուր ես ասում, թե այս կամ այն միտքը հայտնած է արդեն։ Բանաստեղծությունը փիլիսոփայություն հո չի։ Միթե, օրինակ, Պապայանի երգած օպերաներում ուրիշին չես լսել։ Ո՞ր բանաստեղծն է մի նոր միտք հայտնել։ Ես, որ աստվածացնում եմ Շեքսպիրին, իսկի չեմ էլ մտածում, թե նա ինչ միտք է հայտնել, դրա վրա չեմ հիանում, այլ թե ինչպես է հայտնել։ Ա՛յ, վերցնենք հենց քո այս նյութի մասին, մի տեղ խոսում է, ափսոս միտս չի, որ գրեի, բայց այնպես, որ առաջին անգամից իսկի չես էլ ասիլ, թե միևնույն բանն է ասում ինչ որ Նադսոնը. այնինչ միևնույն միտքն է։ Մի խոսքով, միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված մարդ։
Ինձ ավելի դյուր եկան II-ն ու III-ը։ Դրանք միևնույն բանն են երկուսն էլ։ Իսկ I-ը, որով անպայման լավ նյութ