Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համոզված եմ, որ քո մտածմունքների ամենաառաջինը իմ բարոյական ապահովությունն է, որ ես ինձ զգամ հանգիստ ու անկախ. չես տանիլ փեշս գցիլ մի որևէ անասունի պոզ, այդ ավելի վատթար կլինի, քան ամեն նեղություն։ Հանկարծ մի հայվան աղա քեզ վրա նայի ու հետդ վարվի, իբրև իրան պահած պրիկազչիկի կամ, նույնիսկ իր լռությամբ, միշտ երեսովդ տա իր լավությունը։ Արևելքի ասպետը՝ Քյորօղլին, ասել է, «Աթըմ եյան, ղանըմ իչան, նամարդի մոհտաջ օլմասըն»[1]։

Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշըդ դեմ արա»-ի աշխարհքում, բայց աստծուն է հայտնի, որ ես հազիվ եմ տանում նույնիսկ լավերի ու մերձավորների լավությունը։ Այս տարի եղբորիցս մի 100—150 ռ. փող մսխեցի, բանն այնպես էր, որ հարկադրված էի։ Այդ նրա պստլիկ խանութին ու առուտուրին մեծ հարված է տվել։ Առանց էն էլ իսկի, իսկի առուտուրը ասած բանը չի հասկանում, հաշիվ չի հասկանում, այս էլ հետը, գործին, ճիշտ որ, շատ վնասեց։ Մի քանի անգամ այս ամառ հետը կռվեցի թե՝ լավ չես տանում գործդ, և ամեն անգամ այդ գումարտ տվեց երեսովս… Ես ինքս մեծ փափագ ու հակումն ունեմ ուրիշներին հովանավորելու, կամ ավելի լավն ասեմ, իմ ունեցածը ուրիշների հետ բաժանելու, ով կարիք կունենար։ Այժմ, երբ բանը հակառակն է դուրս եկել, պետք է գործին այնպես չնայել, ինչպես, օրինակ, մեր լրագիրներն են հասկանում ու նայում. այսինչ չքավոր գրողին… բարերար… ողորմություն և այլն, և այլն։ Փողը ստացա11։

Քո Հովհաննես
  1. «Միսըս ուտողը, արյունս խմողը տմարդին չապավինի»։