Հակովբյաններին հարցրի օրիորդների հասցեի մասին եղբայրը խոստացավ, որ կբերի. քրոջ մոտ էր, նա էլ տանը չէր։ Ասում են նրանք մի ամսեն վրա կգան Պետերբուրգից։ Մեր բոլորից քեզ շատ բարև և շնորհակալություն։
<Հ.Գ.> Մոտ օրերս կաթողիկոսի մոտ էինք. թեյին պահեց, քաղաքականությունից, դեսից-դենից խոսեց ու մյուս օրը հիվանդացավ1։
142. ՄԵՍՐՈՊ ՄԵԼՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաթում
Սիրելի տեր Մեսրոպ,
Ստացա ուղարկած գիրքդ1: Քեզ արդեն հայտնի էր իմ կարծիքը դեռ տպելուց առաջ, իհարկե, այժմ էլ նույն կարծիքին եմ, թեև շուրջս համակարծիք մարդ, գրեթե չկա։ Դու գիտես, որ իմ բարեկամներից ու ծանոթներից շատերը «արիստակեսական» են2։ «Արիստակեսակա՜ն». ավելի ողորմելի ածական հազիվ թե կարելի լիներ գտնել մարդու համար։ Դու գիտես, որ ես այս դեպքում չեմ խոսում իբրև կուսակցության մարդ, իբրև հակառակ և մինչև անգամ խոստովանում եմ, որ Արիստակեսը բարձր է շատերից։ Բայց դա մի ողորմելի, մի թշվառ բարձրություն է, որ կարող է զարմացնել միայն անպայման ցածերին։ Եվ մեծ խեղճության ապացույց է, որ նրա դատողությունների ետևից քարշ է գալիս մի ամբողջ մամուլ, մի մամուլ, որ իրան անվանում է հառաջադիմական։ Եվ ինչ զարմանք, որ Լեոյի նման մղդըսի հրապարակախոսները կարողանում են այդքան իրանց կորցնել, որ խաչ են դնում քո գոյության վրա. խեղճ են, շատ են խեղճ։ Նրանք չեն հասկանում, որ հենց այդ տողերը խաչ են դառնալու իրանց գոյության, իրանց գրական