Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

146. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Բելի Կլյուչ

<1901>, հուլիսի 11, <Ուրավել>

Օլյա ջան,

Ստացա նամակդ. երևի ժամանակ չունես նամակ գրելու կամ գրած ժամանակդ մի քիչ երկար գրելու։ Իսկ երեխանց մասին գրեթե բան չես գրում։ Մի ամիս է եկել եմ, քեզանից երկրորդ նամակն եմ ստանում1, իսկ ես 5-րդն եմ գրում2։

Այս րոպեիս քաղաք գնացող կա, նրա համար եմ շտապում, որ այս նամակս հասնի փոստին։ Ես լավացել եմ, շուտով պատկերս կուղարկեմ՝ կտեսնեք։ Երանի այդտեղ մի ֆոտոգրաֆ լիներ, երեխաներով նկարվեիք, ղրկեիք։ Այսօր տեղափոխվում եմ նոր սենյակս, բոլորովին մենակ, անտառի մեջ կամ մոտ։ Այժմ մի 5-րդ դասարանցի գիմնազիսո կա մոտս, հայրը պահ է տվել՝ մի շաբաթ-10 օր ժամանակով։ Մենակություն չեմ քաշում, թեև լավ կլիներ մի քիչ մենակ լինեի, պարապեի։ Շատ ծանոթներ են լուս ընկել։ Երեկ մի 10-12 հոգի ջահելներ տարան անտառը, գետի վրա ոչխար մորթեցինք, քեֆ արինք-վարժապետ, ստուդենտ, գիմնազիստ, բժիշկ, ինչ որ կուզես, ես էլ թամադա էի։ Լավ քեֆ արինք, բայց իրիկունները, որ մարդ գալիս է մենակ՝ սենյակում պառկում… սենյակս էլ, անտերը, շատ վատ տեղ է. մի կողմս երկու ջահել ամուսիններ են մնում, մյուս կողմս խանութպանն ու իր կինը, գիշերները հերթով, շատ անգամ միասին, քունս խանգարում են… մանավանդ պատերն էլ պատեր չեն, այլ տախտակի դառաբաներ։ Մի խոսքով, կարո՞ղ ես դրությունս երևակայել…

Շարունակ նամակներ եմ ստանում։ Ասում ես՝ իշխանուհին նամակի հետ փող կլիներ ուղարկած։ Իշխանուհին հանձնել է Ֆիլիպին, իսկ Ֆիլիպից դեռ ոչ նամակ եմ ստացել, ոչ իրան գրել։ Այստեղ շատ կրեդիտ ունեմ, թեև փողս հատել է։ Այս երկու օրս անպատճառ կստանամ։ Շուշանից