Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ ընդհատեցին, մեկը հիվանդացեք է (տիկնոջ տագրը) կանչում է ինձ։ Ցտեսություն։ Սպասում եմ Ձեզանից նոր տեղեկությունների և լավ լուրերի։

Միշտ Ձեր Հ. Թումանյան

Հասցես ուղղակի՝
Ахалцых—Ов. Туманяну:

150. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ուրավել-Թիֆլիս

<1901>, 20 հուլիսի, Ուրավել

Սիրելի Ֆիլիպ,

Այսօր ուղիղ մի ամիս է, որ ես Ուրավել եմ։ Քանի-քանի անգամ թուղթն առաջս եմ դրել, որ քեզ նամակ գրեմ, ու միշտ մնացել է։ Ամեն անգամ մտքովս հազար ու մի բան է անց կացել, թե գրեմ ու շատանալով-երկարելով, դեռ մտքումս, այնպես էլ մնացել է, թե հետո կգրեմ։ Երբեմն էլ մտածել եմ, թե գրեմ, իբրև թե ինչ, դատարկ բաներ. այս է՛լ փիլիսոփայություն է։

Ես շատ շուտ կազդուրվեցի։ Քրիստոսի նման մարդ եմ, որքան էլ մեռած լինիմ, երեք օրում հարություն եմ առնում։ Ուրավելը մի առանձին աչքի ընկնող բան չունի։ Բնությունը, շատ հասարակ մի անկյուն, ջուրը վաղուց կորցրել է իր հատկությունն ու գազը, թեև ինձ լավ է գալիս։ Բանից երևվում է տենդոտ տեղ է. մի քանիսն այստեղ ջերմով հիվանդացել են։ Իբրև ամառանոց զուրկ է բոլոր հարմարություններից և ամառանոցավորներն էլ բոլորը, գրեթե, ախալցխացիք են, միայն մի 3-4 ընտանիք կան Թիֆլիսից ու Բաքվից։ Սկզբում, որ եկա, շատ լավ էր. մենակ էի և մի տխուր բավականություն էի զգում։ Սրտիս ուզած ժամանակ խոսում էի Շեքսպիրի, Գյոթեի, Նիցշեի ու Բրանդեսի հետ ու կրկին խաղա՜ղ մենակ մտորում, մինչև որ Գալֆայանը գոռում էր դիմացի բլրից-բանաստեղծ հայո՜ց, այստեղ՝ անտառում,