Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդ է. թեև ի բնե առողջ կին է2։ Մարդ ու կնիկ իրար գուրգուրում են, ես էլ թամաշա եմ անում։

Բարևիր բոլորին։ Օսանի հոր մասին անցյալ օրը Զարդեղյանը բան էր դրել «Մշակում»3։ Այստեղ է Արտիկի ընկերներից մեկը՝ ախալցխացի։ Գրիր քո մասին, թե ինչպես ես։ Համբուրում եմ երեխաներին և քեզ։

Քո Հովհաննես

155. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Բելի Կլյուչ

<1901>, 9 օգոստոսի, Աբասթուման

Օլյա ջան

Քանի օր էր, ուզում էի դուրս գալ Ուրավելից, հնար չէր լինում, չէին թողնում. ամսի 6–ին՝ մինչև անգամ վարձած ֆայտոնն Ախալցխայից եկավ էլ՝ չթողին, փողը տվի, ետ վերադարձրի։ Էլ քեֆ, ներկայացում, պարեր, մի խոսքով շատ պատվեցին, իսկ 7-ին՝ դուրս գալուս առավոտը, այնպիսի աղմկալի ճանապարհ դրին, որ Ուրավելի անտառները թնդացրին երգերով, ուռաներով ու հրացանների որոտով, և երկար, ձեռքների վրա բարձրացրած, թռցնում էին օդի մեջ։

Բայց գիտե՞ս՝ այս բոլորն ինչու համար եմ դրում, նրա համար, որ վերջում ասեմ, իսկ ես շատ տխուր էի, որովհետև հենց այդ թռցնելու ժամանակ իմ գրպանումն էր քո նամակը, որ հենց նոր էին տվել ինձ, որի մեջ գրում ես-«տերտերն ու մայրիկը ամսի 8-ին գնում են Շուլավեր երեխանց երեքի հետ… Դու էլ գնում ես ճանապարհորդելու… չեմ իմանում՝ ինչ անեմ, ամեն մեկդ ձեր ցանկությունն եք ուզում կատարել, ես մնում եմ մեջտեղ կանգնած…»։ Եվ խորհուրդ ես տալիս, որ ես գամ, ձեզ Բելի Կլյուչից Թիֆլիս <տանեմ> ու սեպտեմբերին գնամ ճանապարհորդելու1։

Համաձայն չե՞ս դու, որ այս նամակը գրպանիս մեջ՝ ինչ էլ անեին, ես չէի կարող ուրախանալ։ Մարդիկ միշտ մնում