Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
154. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել-Բելի Կլյուչ
<1901>, 3 օգոստոսի, <Ուրավել>
Օլյա ջան,

Միշտ սպասում ես՝ ես նամակ գրեմ, որ դու պատասխասանես։ Կարծես չի կարելի, որ մի անգամ էլ դու նամակ գրես, ես պատասխանեմ, միշտ պետք է ես սկսեմ, և ամեն բանում… Մի շաբաթ է նամակ չունեմ, չգիտեմ՝ ինչ որոշեցիք. տերտերն ու մայրիկը գնո՞ւմ են Շուլավեր, թե չէ, ե՞րբ եք մտադիր քաղաք գնալու կամ ինչպես է երեխանց առողջությունը. Արեգն այժմ լա՞վ է, թե՞ չէ, և որքան են լավացել առհասարակ։ Մի շաբաթ է, որ ես կարգին հաց եմ ուտում այստեղ։ Այն գիմնազիստը, որ գրել էի թե մոտս է, նրանց տանըցիք եկան և ինձ չեն թողնում էլ ուրիշ տեղ ճաշելու։ Լավ ընտանիք են շատ՝ կրթված, քաղաքավարի։ Հարություն Հարությունյան-Երվանդ Լալայանի աներն է։ Այստեղ շատ երբ ամառանոցների տեղեր են վերցնում. ես էլ եմ ուզում մի տեղ վերցնել։ Ուղարկում եմ պատկերս. լույսը մի քիչ պակաս էր, որ նկարվեցի։ Երեկ եմ նկարվել. երեսս մի քիչ մութն է դուրս եկել-հավանո՞ւմ ես, թե չէ։ Մեկ էլ մի բան է եղել՝ այն էլ դու նկատիր։

Արդյոք, փող ուղարկեցի՞ն քեզ, թե չէ։ Պետք է հուլիսին 90 ռ. ստանայիր։

Անցյալ գիշեր իմ լվացք անողի տունը կտրել են (վրանում է ապրում), ունեցած չունեցածը տարել։ Այժմ մենակ եմ, ամառանոցն էլ հեռու, ապահովության համար ատրճանակ եմ ուզել, մոտս պահում եմ։

Այստեղ ինձ շատ են հավանում և իբրև մարդ և գտնում են, որ իմ կինը պետք է շատ ուրախ լինի և այլն. ասում եմ՝ մի կնոջս էլ հարցրեք, է՛։ Զարմանում են, որ ասում եմ՝ կռվում եմ. ասում են՝ կռվելու անընդունակ ես դու։

Էգուց ճաշի հրավիրված եմ քո ընկերուհու տունը. մի շատ լավ տղա է նրա ամուսինը. ինքը՝ խեղճ կինը, շարունակ