Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնում եմ մեջտեղը կանգնած»։ Ահա այսպես է չինում, և դու չես փոխվում, թեև գրում ես այդ մասին, իսկ «նրանք» ի՞նչ կարիք ունեն փոխվելու և ինձ համակերպվելու, առանց այն էլ ինչպես ուզում՝ այնպես են շարժվում են ուրիշին էլ այնպես են շարժում իրանց հետ։ Բայց ինձ այս բոլորից ավելի այն է խոցում, այն միտքը, որ այս տողերն էլ իզուր են, ինչպես այսքան տարիների իմ խոսք ու զրույցը, և ես, ես ստիպված եմ հաշտվելու այս բոլորի հետ, տանել մի կերպ, որովհետև՝ ուրիշ ի՞նչ անեմ։ Պետք է թողնեմ, գոնե, որքան քիչ խոսեմ, այնքան լավ է ինձ համար։

Ես Աբասթուման մի շաբաթ մնացի3։ Շատ ուրախ օրեր անցկացրինք, շատ պատվեցին, ինչպես մի կարոտած մերձավորի։ Ամեն առավոտ մայրիկն էր գալիս, դեռ ես քնած, շորերս տանում, սրբում բերում։ Մի օր էլ բերեց շապկիս թևերին նոր զապինկաներ. Մարուսյայի նվերն էր։

Ախալքալաք հրավիրված էի Շահպարոնյանների տունը, տեղիս հարուստներից՝ մի շատ լավ ընտանիք։ Եկած օրից մինչև այսօր հանգիստ չունեմ հրավերքներից. ամեն օր ճաշին մի տեղ ենք լինում, ընթրիքին՝ ուրիշ տան՝ շրջապատված շատ լավ մարդկանցով, միանգամայն ամենաքաղցր տպավորություններով եմ թողնելու այս քաղաքը, ուր այսքան սեր և պատիվ ցույց տվին ինձ։ Այնպես որ, արդեն պոլիցիան հետաքրքրվել է, թե ինչ է պատճառը, ով եմ ես, որ այսպես տարվում եմ տնետուն և այսքան ուշադրություն եմ գրավել։ Անցյալ օրը մի ինտելիգենտ արհեստավոր արծաթե գրչակոթ նվիրեց, որ նրանով գրեմ։ Հրավիրված եմ մոտիկ Գանձա գյուղը, բայց հազիվ թե գնամ, այսօր ուզում եմ շնորհակալություն գրել ու վաղը կամ մյուս օրը ճանապարհ ընկնել դեպի տուն, որ հաշտվենք… և ահա իբրև հաշտության նշան՝ ուղարկում եմ քեզ այն վարդերից, որ քաղել եմ թագավորի աղջկա սքանչելի այգուց, Աբասթումանում, Մարուսյայի հետ նրա պալատը ման գալու ժամանակ։

Երեկ փոխադրեցի 60 ռ., այսօր ստացա նամակդ։ Տանտիրոջը գրել եմ, որ վերանորոգություններ անի, ինձ համար