Մի՞թե դու չես փորձել. Էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես։
Բանից երևում է Մխիթարին դու էլ գրեթե այն ես գրել, ինչ որ ես5։ Ես էլ եմ գրել, թե՝ եթե ուզում ես Պողոսյանին օգնել, նա կարոտ չի քո օգնությանը, իսկ եթե ինձ ես լավություն անում-էլ ի՞նչ պայման…
Բայց խնդիրն այն է, որ ես այդ փողը նրանից փոխառություն եմ խնդրել, որ աշնանը Շահազիզից ստանամ, վճարեմ։
Ինչ վերաբերում է «Մուրճին» աշխատակցելու խնդրին, եթե մարդավարի պայման կլինի, էլ գիրք չենք տպիլ այս ձմեռ, ու հենց սեպտեմբերից նրան կաշխատակցեմ։ «Սասունցի Դավթից» կսկսենք6։ Վերջից մի բան է մնում, բայց այդ ոչինչ բան է։
Անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, հետևյալ նամակով կուղարկեմ7։
Չմոռանաս, Ավետիսի ղրկած փողն ինձ հասցնես8, որքան շուտ, այնքան լավ։
Շուշանից ու իշխանուհուց նամակ ունեմ9։ Բանից երևում է գնացել ես Սևան։ Մենք էլ Աղայանցի գյուղը գնացինք, մի հիշելի քեֆ արինք անտառում10։
Շուշանը գրում է, որ քեզանից ամեն օր հերթով մի բաց նամակ են ստանում, «наверное по дешевой цене купил и сбывает дорого», դե գնա՛. դու կարծում ես՝ քո սատանություններր ոչ ոք չի հասկանալ։
Հասկանալ ասի՝ միտս ընկավ։ Գիտես նե ինչ է գրում ինձ։ Մի փոքրիկ հոգեբանա-փիլիսոփայա–բանաստեղծական նամակագրություն ունեցանք, և ձեռաց նա էլ ինձ հասկացավ. ասում է. «Դուք ծույլ եք, ոչինչ չեք շինում, նրա համար էլ կյանքը ձեզ ձանձրալի է թվում»11։
Կարճ և խիստ։