Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու տագնապների-բայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել։ Ասում է կաթնի էրածը մածնին փչում է, օձի կծածը չաթուից (թոկից) վախենում է։ Հերիք է, որ մին ու մին մարդու սիրտը ահ մտավ, աչքը վախեց, կոտրվեց։

Էն էլ մեր աշխարքում…

Ես քեզ անկեղծ եմ ասում, ես կյանքից էլ եմ զզվել, և եթե մի բան կա, որ ինձ կապում է՝ այդ երեխաներն են։

Երեխաները՝ այն էլ ինձ համար, մի տեսակ գերության մեջ են։ Ուզում ես պահել ու կրթել, ինչպես դու ես հասկանում, և չես կարող։ Ստիպված ես լինում կապված մնալու այնպիսի մարդկանց հետ, որոնց ամեն մի խոսքը փուշ է քեզ համար, ամեն մի արարքը՝ սրբապղծություն, որոնք, կարծես, քո ջգրու են ստեղծված, որ քեզ տանջեն ու վրդովեն, քանի որ դու կաս, ու քո աչքի առջև այլանդակեն քո երեխաներին։ Այսպես է. չես հավանում, ուրիշ կերպ արա։

Ուրիշ կերպն էլ ես այն կարող եմ անել, ինչ որ կարող եմ, իսկ այդ դուրս չի գնում։ Մնում է պատահականը։ Բայց թե ինչ կնշանակի այդ գայլի վիճակը՝ պատահական ապրուստը մի ընտանիք պահելու գործում, այղ միայն ես գիտեմ։ Մի՞թե սրան բանաստեղծ կդիմանա: Բանաստեղծությունը խաղաղություն է սիրում, այնտեղ է ծաղկում, իսկ եթե չես համաձայնիլ, կասեմ՝ թող հուզմունք լինի, ալեկոծություն, տանջանք, բայց ավելի լայն, ավելի մեծ, բարձր, ոչ թե սրտմաշուկ վրդովմունքներ, գոոշանոց հոգսեր, ուտելիքի ու հագնելիքի անվերջ դարդ։

Այս բոլորի միջից թե կարողանամ մի բան հանել, էլի մաշալլահ, իսկ դրա համար թող հայոց ազգը շնորհակալ լինի քեզանից։ Հայոց ազգը ոչ բանաստեղծ է տեսել, ոչ բանաստեղծ է պահել, ոչ էլ սիրել է, որ ունենա։ Ինչ են հասկանում բանաստեղծի հոգին ու լեզուն. չոր, էգոիստ մարդիկ են։ նրանք, թեկուզ իրենց նպաստներով, որ մոտենան բանաստեղծին, բանաստեղծի բանաստեղծությունը կվերանա։