Նորից կարդացի նամակդ1։ Քո նամակներն առհասարակ շատ կենդանի պատկերացնում են քեզ իրենց սրտալի անկարգությամբ և սովորականից, շաբլոնից դուրս ապրելու ապստամբ ըղձերով, թեև դու միշտ անհաջող ես արտահայտում։
Այդ՝ նորի ու լավագույնի կարոտը քո ամենալավ ու ամենաշեշտված գիծն է։ Այստեղ մենք շատ ենք ազգական։ Այսօր քո նամակն, ասում եմ, նորից կարդացի և նրա տպավորության տակ գրեցի այս փոքրիկ ոտանավորը, որ ղրկում եմ քեզ։
Ֆ-ին
Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ կաշկանդված, երազուն գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր…
Այնտեղ-մեր հոգու սուրբ հայրենիքոում
Խաղաղ օրերի պայծառ լուսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ…
Բայց, ա՜խ, նա այնքա՜ն, այնքան է հեռու…
Եվ մինչև այնտե՜ղ կըհասնենք մենք դեռ
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերիմ ընկեր2…
Գաղափարների ու երազների աշխարհն է, որ ես մի խոսքով անվանել եմ Վեր: Բայց բացատրությունն ավելորդ է, թե բան կա՝ կա, թե չէ բացատրությունով բան չի դուրս գալ։
Թաժա գրած բան է, ես էլ չեմ գլխի ընկնում լավ է, թե՞ վատ:
Է՜հ, ոչ մեկից խամ չենք։ Լավն էլ, վատն էլ մի ճամփով են գնում։ Գուցե այսպես չի, բայց սազում է, որ ասենք։ Կյանքից դժգոհ մարդիկ ինչ անհեթեթ բան էլ որ