Արդյոք, ինչ նոր ծրագիրներ եք բերելու մեզ համար։ Գիտեք, առհասարակ, որ ասում են՝ այս ենք անելու կամ այն, ես դրանից ոչինչ չեմ հասկանում, ինձ անբովանդակ բառեր են թվում, բայց երբոր Դուք եք ասում, ես արդեն երևակայում եմ գործը, անպայման հավատում եմ, որ բան է լինելու։
Ճշմարիտ, որ անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձև տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին։ Մի քանի մարդ-և կյանքը դառնում է եռուն, կենդանի, գեղեցիկ։
Կինս ու Աղայանցը շատ բարև են անում։
173. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Բելի Կլյուչ-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Ես այժմ գիտե՞ս ինչ եմ ուզում, որ ամառը նոր սկսվեր, հեռու լինեինք ու սկսեինք մի նոր գրագրություն՝ գեղարվեստի մասին, սիրո մասին, կյանքի ու իր վշտերի մասին, անվերջ, անվերջ…
Շատ դյուր եկավ ինձ Բինեի խոսքր, թե սերը քաղց է։ Բայց որքան դյուր եկավ, այնքան էլ ծանոթ թվաց։ Չէ որ մենք էլ ենք ասում, թե կշտացանք, կարոտը, սիրո, կրքի հագուրդն առնելու մտքով նրանից կշտացա, ասում ենք, կամ թե՝ կլինի մի նրանից կշտանամ։
Ասում ես կարելի էր քաղցը գործ ածել։ Իհարկե կարելի է, մինչև անգամ շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը կրքի, տռփական սիրո մասին է։ Հենց, կարծեմ, այդ հոդվածի միտքն էլ այսպես է, ինչպես երևում է քո նամակից։