Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

172. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ—Դիլիջան

<1902>, 14/III, Белый Ключ

Թանկագին

Մարիա Մարկովնա,

Ձեր նամակից1, ներկայացումից և մանավանդ հրացանից երևում է, որ ուրախ ամառ եք անցկացնում։

Ռուստեմն այնտեղ այնպիսի բաներ է տեսնում, որ Լոնդոնն էլ չի հավանում։

Ֆիլիպը, Թիֆլիսի տրոպիկական շոգերում, գրասեղանի վրա պառկած2, փիլիսոփայություն ու բանաստեղծություն է զառանցում, ղրկում ինձ…

Սա էլ է երջանիկ։

Մենակ ես եմ վատ։ Ոչ թե նրանից, որ Ֆիլիպի բանաստեղծությունները կարդում եմ (իհարկե, այդ էլ է ազդում, ինչպես վատ է ազդում ամեն մի զիրտ-զիբիլ), այլ այնպես, վատ եմ։

Տրամադրությունս վատ է։ Այս մի տեսակ լավ վատություն է, դյուրեկան տխրություն, և ինձ համար հաճույք է դարձել երբեմն առանձնանալ ոլ ցնորել (мечтать)։

Իսկ դուք վախենում եք՝ ես շատ քեֆեր անեմ, ինձ վնասեմ։ Ճիշտ է, մի երկու անգամ քեֆ եմ արել, բայց դեռ այդ ոչինչ բան է։ Այստեղ այնքան էլ մեծ շրշան չկա, իսկ մշտական ընկերս Աղայանն է։ Ամեն օր թափառում ենք ու խոսում զանազան խենթ ու խելառ բաներից։

Պարապում եմ, բայց ինչ որ կարծում էի այնպես չեղավ։ Մտածում էի, թե մենակ կլինեմ, իսկ, ընդհակառակը, ավելի շատվոր եղանք։

Երևի նոր «Մուրճին» կաշխատակցեմ։ Իհարկե, եթե մարդավարի լինեն3։

Բելի Կլյուչն արդեն դատարկվում է։ Վաղը հեռանում է զորքը, այսօր պարկում վերջին պարն ու երաժշտությունն է: