Հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները։
Վարանք ես ուզում-ահա քեզ։ Այժմ ես տառապում եմ մի մեծ տարակուսանքով՝ արդյոք ես բանաստե՞ղծ եմ, թե չէ։ Մտածում եմ ու գնում, գնում, հասնում մինչև կասկածի ամենամութ անդունդները, այնտեղ կորցնում հավատս, հանգցնում հույսս… Խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ իբրև բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե ես բանաստեղծ եմ… Ու նորից վերադառնում եմ, թե բան եմ գրում…
Ա՜յ քեզ սերունդ։
Չէ, սիրելիս, չեն ասիլ — ինձ ինչ. բոլորն այլ տեսակ մարդիկ են կամ գոնե շատերը։ Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենք, թեև քիչ են խոր զգացողները։
Աղայանցն եկավ, երևի կպատմի ինձանից. մի քիչ քեֆերս լավ չի, ինչպես դու էլ նկատում ես։ Դրա համար էլ Շուշանին էլ նամակ չգրեցի, տեսա՝ ուրախ նամակ չի դուրս գալիս։ Չես գրում, թե ինչպես էին տանըցիք, երբ են գալիս։ Ես էլ այս երկու օրս կգամ։
Այժմ գնում եմ մի հեքիաթ ասողի մոտ։ Մենակ եմ մնացել։ Այստեղ ամեն գիշեր տուն են կտրում։
Մարիա Մարկովնան երևի եկած կլինի. Դիլիջանից մարդ եկավ, ասում են այնտեղ ցուրտ է։ Գրում է, որ նոր ծրագիրներ է կազմել։ Տե՛ր աստված։ Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու. նա կանի, ես հավատում եմ։ Զարմանալի կին է։ Ափսոս, նրան լավ չեն ճանաչում առհասարակ։ Է՜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը…