Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

174. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

<1902, սեպտեմբերի 1—5, Թիֆլիս>

Սիրելի Արսեն,

Վերջին ժամանակներս ինձ շատ թույլ էի զգում։ Եմ բարեկամ բժիշկ Զարգարյանը խորհուրդ տվեց դիմելու իր ծանոթ մի ուրիշ բժշկի, հիվանդությունս երևի նրան կասկածելի թվաց։ Վերջապես քննեցին և գտան, որ առանց հետաձգելու պետք է գնամ Աբասթուման, առանց ընտանիքի։ Հակառակ դեպքում, ասում են, անբուժելի կհիվանդանամ և այնպես կընկնեմ, որ էլ չեմ կանգնիր այս, իհարկե, չավ են ասում և, եթե կուզես ես էլ գիտեի-բայց… այս բայց է բանը։

Երեխաներիս բանր պետք է հոգամ, ինչպես իմ մասին մտածեմ, քանի որ նրանք դեռ մնում են իմ առաջին հոգսն ու մտածությունը. դրա հետ միասին՝ այնքան պարտքեր ունիմ վճարելու և չեմ կարող հետաձգել, օրինակ, 7 ամսվա տան վարձ է, խանութների ապառիկ և մանր պարտքեր. մեծերը թողնում եմ անորոշ ժամանակի։

Եվ ահա իշխանուհիդ Թումանյանն ու Վարդազարյանը, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ինձ ղրկում են, հանձն են առնում այնտեղի հոգսր, բայց, ինչպես ասի, պոչս սառուցին է կպած…

Այժմ, եթե կարող ես, ինչպես գրում ես, մի բան ղրկելու, շտապիր, որ շատ ժամանակին կլինի։

Բժիշկը թեև արգելել է պարապելը, բայց հետս տանելու մի քանի վերջանալի բաներ՝ վերջացնեմ, բերեմ։ Աշխատելու հարմար առիթ է։ Ես կյանքումս ազատ ոչ թե ամիս, գրեթե, օր չեմ ունեցած, այս ինձ համար մեծ հանգամանք է և ես կօգտվեմ։ Դու չես իմանում, որքան ցանկություն ունիմ աշխատելու, բայց հնար չկա. հիվանդ, ջղային, մի խոսքով կատարյալ ընկած, և այսքան հոգս ու հուզմունք անընդհատ։