Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

184. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման—Թիֆլիս

<1902, սեպտեմբերի 20—22, Աբասթուման>

…Այդ իմ մանրամասն ճանապարհորդությունը և տեղավորվելու սրտառուչ պատմությունը։

Այժմ։ Տանըցոնց գալուց հետո մի երկու անգամ էլ եղա բժշկի մոտ։ Վերջին անգամը միանգամայն արգելեց գրել կարդալը։ Ասում է այստեղ ремонт[1] է հարկավոր, ոչ թե աշխատանք։ նյարդերդ հոգնած են ու խանգարված, այդ նյարդերով չես էլ կարող պարապել, իսկ մարմինդ ուժասպառ է եղած։ Երբ կկազդուրվես, ինքնըստինքյան չուզենաս էլ՝ կպարապես։

Պատվիրեց, որ տանն իսկի չմնամ, շարունակ ման գամ։ Եվ ես ամբողջ օրը շան ոտը կերածի նման, թափառում եմ անտառներում։ Արդեն տրամադրությունս այնքան լավ է, որ պարապելս գալիս է։ Մի երկու ոտանավոր եմ գրել, բայց այն ոտանավորներից, որ հիշատակարանում են գրում1։

Հրաշալի օրեր են. մի օր ուզեց անձրև գա, ետ փոշմանեց ու դարձյալ սկսեց ժպտալ։

Բարևիր մայրիկին, եթե պարապ է, Մարուսյային, եթե զբաղված չի Լիլիկով, Լիլիկին, եթե կարող ես հասկացնել, Դավթին, եթե զարթուն լինի, իսկ Շուշանին ես ինքս կբարևեմ2։ Ապա՝ Լիզային իր դուստրերով ու կանտորին՝ վերևից ներքև։

Այստեղ ամեն մի անկյուն հիշեցնում է մեկն ու մեկին։ Հա՛, կնոջս էլ բարևիր, երբ որ նրա վերաբերությամբ հանձն ես առել ամեն բան։ Ճշմարիտն ասեմ, այս ժամանակին մեկի կնիկը հանձն առնելուց ավելի մեծ զոհաբերություն դժվար է երևակայել։ Աստված հոգին լուսավորի հանգ<ուցյալ> Մոլլա Նասր Էդդինի, որ տարել էր կովը ծախի։

  1. Նորոգում, վերանորոգում։