վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ3.
Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նորա պատկերը կարոս
Իմ մըտքո՜ւմ… ինձ մո՛տ…
Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում…
Ցոլում են աչքերն… ըզգեստը շըրշում
Լըսվում են արագ քայլերը ծանոթ…
Իմ շո՜ւրջը… ինձ մո՜տ…
Բայց, ա՜խ միմիայն չի գալիս կըրկին
Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին…
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
Տըխո՞ւր, գըլխակո՜ր։
Բայց Դուք բանաստեղծություն չեք սիրում, գոնե ոտանավորներ, որքան գիտեմ և, ափսո՜ս, որ գիտեմ։
Հասցես՝ A6ac Туманяну։
Կգրե՞ք արդյոք։
188. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Օլյա,
Հենց նոր ստացա Շուշանի1, իշխանուհու2, Արսենի՝ վարդապետի3, և քո նամակները4։
Արսենը գրում է, թե ուշացրեց պատասխանը, որովհետև գնացել էր կաթողիկոսին ճամփա գցելու։ Ասում է՝ եղբայրս պսակվում է, ծախսեր ու նվերներ ունեցա՝ չեմ կարող։