քիչ սխալ էր արել։ Նամակներս պահո՞ւմ են, թե՞ պատռում։ Եթե Մեխակը ավելի շուտ գա ու Ֆիլիպից դեռ փող չլինես ստացած, մի տոմսակ գրիր Ֆիլիպին, ասա փող է հարկավոր, իսկույն կուղարկի։ Աթոռները բերի՞ն, թե՞ չէ։ Պարապելու սենյակում երեխանց համար աթոռներ դիր։ Շկաֆներում մի երկու ալբոմներ կան, իշխանուհունն ու Շուշանինր, վերցրու պահիր կամոդում, իրանց բան չասես10։ Աշխարհագրական կարտերը սնդուկից հանիր, կախիր երեխանց սենյակում։ Փոքրիկ տախտը, եթե ուրիշ տեղ չունի, դրեք իմ կաբինետում։ Գրիր շուտ-շուտ ու երկար։ Համբուրում եմ քեզ՝ ինչպես որ քեֆդ տա։
<Հ. Գ.> Հին սյուրտյուկս հարկավոր չի, դրա տեղ ամառվան պալտոս եմ գործածում։
189. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի
Նամակիցս ինչպես նկատել եք1, տրամադրությունս զվարթ է և ես առողջ։ Այժմ հրաշալի է Աբասթումանում, անկարելի է այստեղ ուրիշ տրամադրություն ունենալ։ Ես ամառն էլ եմ եղել այստեղ, բայց աշունն ուրիշ է։ Ամբողջ օրն զբոսնում եմ. թաղվում եմ անտառների խորքերում, աշնան այնքան անուշ ու տխուր լռության մեջ, լսում եմ միայն թափվող դալուկ տերևների վերջին կարճատև շշունջները և թռչունների հրաժեշտի սրտաճմլիկ ծլվլոցը, որ դեղնած ճյուղերի մեջ իզուր գարուն են որոնում ու… ծլվլում, ով գիտի ի՜նչ ափսոսանքներ, ի՜նչ հիշողություններ, ու արևի-վերջալուսի շողերի տակ մտածում եմ, որ վերջն էլ,