Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վճարի խոսք չլինի, մանավանդ գործի էլ չի, իսկ Ֆիլիպի դրածին նայելով՝ ինքը՝ Շանթը, պիտի վճարի Ֆիլիպի միջոցով։ Ես այս մասին Ֆիլիպին էլ կգրեմ։

Ստացա ուղարկածդ շորերը, շատ լավ եկան վրաս, լավ ես չափսն իմացել…

Գրիր Վահանի և Արտաշի մասին, եթե բան իմացար։ Ես շատ կուզենայի, որ Արտաշի գործը գլուխ գար, և դու գրեիր ու բերեիր, այդ ինձ համար շատ ցանկալի կլիներ։ Հետո որ գամ, ուրիշ բան կհոգամ։

Ներքևից իսկի բան չես գրում, ի՞նչ են անում, ինչպե՞ս են ապրում, արդյոք շա՞տ են քո նախանձը գրգռում2։

Գիրք էի ուզել ու այս փոստով չստացա, չգիտեմ՝ ինչու3։

Աշխենը հիմի որտե՞ղ է քնում, որ կարավաթը տվել ես Շանթին։ Քո ուղարկած չուչխելն այստեղ բաժանեցի, ինչպես վայել է քրիստոնյա մարդուն։

Այսօրվանից եղանակները փչացան, տեսնենք երկար կքաշի, թե՞ չէ։

Այն բժիշկը, որ նայում էր ինձ, մի ամսով գնաց Պետերբուրգ4։

«Մուրճը» ոտանավոր է ուզել5. Պետերբուրգից նորից ուզել են, Մոսկվայից ուզել են, նամակները դրել եմ գրասեղանիս արկղն ու մտածում եմ դեռ6։

Քեզ համար մի մատանու ակն եմ գտել, բայց ակնից ավելի լավը՝ մի համբույր եմ ղրկում։

Քո Հովհաննես

199. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 23/X, Աբասթուման

Սիրելի Ֆիլիպ,

Երկու խնդիր։

Մեկ․ Շանթին բան չասես մեր տանը-իբրև нахлебник փող վճարելու համար։ Ոչ գործ ունի, ոչ էլ ձեռին փող,