200. ԼԵՈՅԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Առաքել,
Քո այն հարցին1, թե ինչ բանաստեղծներ են ինձ վրա ազդեցություն արել և հատկապես իմ որ գործի վրա, ես,որքան հիշում եմ, պատասխանել եմ2, որ շատ ուշ եմ ծանոթացել բանաստեղծների հետ և չեմ խոստովանել ոչ մեկի ազդեցությունը։
Հիրավի, ամաչելով, բայց ևս առավել ցավելով, պետք է ասեմ, որ մինչև այսօր էլ ես ամբողջովին չեմ կարդացած նույնիսկ ռուս նշանավոր բանաստեղծների գործերը։ Իմ մոտիկ ծանոթները այս վերագրում են իմ հռչակավոր ծուլությանը, բայց ես վերագրում եմ ավելի ուրիշ հանգամանքների, և որքան էլ սա ծիծաղելի համարվի ինձ ճանաչողների համար, ես ինձ ծույլ չեմ համարում։ Սակայն խոսքը այս մասին չի։
Այսպես հիմնովին ծանոթ չլինելով ոչ մեկի հետ, մանավանդ առաջին շրջանում, և գիտակցաբար նմանած ու հետևած չլինելով ոչ մի բանաստեղծի, հանգիստ խղճով էլ քեզ գրեցի, որ ազդված չեմ ոչ մեկից։
Բայց քո նամակից հետո այդպիսի նամակ ստացա և Յուրի Վեսելովսկուց3, սկսեցի լուրջ մտածել այդ մասին և գտա, որ սխալ է քեզ տված պատասխանս, ես անգիտակցաբար ենթարկված եմ եղել ազդեցությունների, որոնց մասին մինչև օրս հաշիվ չեմ տվել ինձ։ Մեր բանաստեղծների մասին արդեն. գրել եմ, աննշան և կարճատև է եղել նրանց ազդեցությունն ինձ վրա։
Ռուս բանաստեղծներից ամենից շատ ինձ վրա ազդել է Լերմոնտովը, ապա՝ Պուշկինը, և, [այժմ] ես կարծում եմ, նրանց ազդեցությունն է եղել երևի, որ գրել եմ ես այն պոեմաները, ուր երդված են մեր լեռնական ժողովրդի կյանքը,