սովորություններն ու բնությունը։ Դրանցից հետո ծանոթացել ու սիրել եմ Բայրոն, Գյոթե, Շեքսպիր։ Սրանք, կարծում եմ, անպայման ազդել են իմ գրվածքների վրա, բայց այնպիսի գրվածքների, որ տակավին չեն տպված, [մինչև անգամ չեն վերջացած], և որոնց մասին հաշիվ չեմ կարող տալ։ Սակայն զգում եմ նրանց անմերժելի ազդեցությունը։ Շեքսպիրը միշտ մնում է իմ ամենասիրելի բանաստեղծը։ Եվ թեև դրամա չեմ գրել դեռ, բայց դրաման բանաստեղծության մեջ իմ ամենասիրած ձևն է, ու ինձ թվում է, թե դրամատուրգի կոչումն ունիմ ես։ Այս պատրանք է գուցե։ Շեքսպիրն է ինձ այսպես կախարդել։
Մի երկու խոսք ազդեցությունների մասին։ Ես որ ասում եմ ազդված եմ [անշուշտ, կարծեմ և այլն, նրա համար եմ այսպես ասում, որ այդ] ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ երևակայության, իմ բարոյական ամբողջության վրա, նրա համար է, որ ասում եմ երևի, անշուշտ, կարծեմ, և այլն։
201. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Կրկին խնդրում եմ, որ գրքի հրատարակության կամ, ավելի ճիշտը, բաժանորդագրության խնդիրը թողնեք միառժամանակ։
Ես խոր համոզված եմ, որ դու ինձ լավ ես հասկանում, հասկանում ես իմ վրդովմունքր, հասկանում ես, որ այդ դիմումի մեջ կա մի բան, որ ուժգին քացի է տալիս իմ սրտին, որ կատաղեցնում է ինձ, որ ես անիծում եմ իմ ճակատագիրը, թե ինչու ես բանաստեղծ եղա այս աշխարքում ու վերջիվերջո այս կամ այն ձևով դիմեմ, թե արդեն ուժից ընկել եմ երիտասարդ հասակում, միջոց չունեմ և այլն, և