204. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Օլյա,
Այսօր Փոստը գալու է, գուցե քեզանից նամակ լինի, բայց ես առաջուց պատասխանում եմ քո անցյալ նամակին1։ Ես այժմ կատարելապես առողջ եմ, և եթե չես հավատում, երբ որ գամ անձամբ կհամոզեմ ու կապացուցեմ։ Եղանակներն էլ շատ լավն են։
Փայտի մասին չգիտեմ այստեղից ինչ կարգադրություն անեմ, քանի որ նրանք փողի մասիս հոգում էին, ես այստեղից հակառակեցի, թե ինչու, այդ մասին հետո։ Բայց, այսուամենայնիվ, կաշխատեմ մի բան անել, իսկ առայժմ ձերոնք կունենան, յոլա տար, այնքան էլ երևի ցրտեր չեն լինիլ ու շատ էլ չի հարկավորիլ:
Կոնսիստորի փողը կարծեմ պետք է այժմ տան, ժամանակն է. այսօր այդ մասին տերտերին գրում եմ2, կտեղեկանա։
Երևի նանը ինքն է բերելու Արտաշին3։
Վահանի համար ավելորդ է. էլ ինչ աշխատել, քանի որ ոչ միակ աշխատավորն է, ոչ էլ հիվանդ։ Եվ վերջապես ով գիտի, գուցե դրա համար այդ ավելի լավ է4։ Երբ որ գա, ձեռքիդ փող կլինի, փող տուր իրան։
Ասում ես Շուշանին նամակ չեմ գրում, զարմանալի է, մի՞թե չի ստանում։ Այսօր էլ ահա գրում եմ5։ Ասում ես օր. Վարդուհուն եթե այսպես ես ասում՝ գժվում է։ էդ հիմարն ինձ վրա չի գժվում, քո մի դարտակ խոսքի վրա է գժվո՞ւմ, մի՞թե խելք ունի դա։ Ես դրա հետ գուցե կտրեմ իմ բոլոր կապերը, թող այնուհետև մնա կապը կտրած։ Մի անդամ միայն մի բաց նամակ է ղրկել, վրան վարդապետի շորով մի երեխա, ձեռքը բարձրացրած ու մի մատը տնկած6։ Ես նոր եմ հասկանում, որ այդ մի մատը, որ աչքս է կոխում, կնշանակե, թե այս մեկն է, որ կա, էլ ավելին չես ստանա