Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն մի քիչ հետո սկսեցինք հետզհետե բացվել, մեր շրջապատն ու պալատը մոռանալ, իսկ թեյի վրա Ռուստեմն սկսեց բարձրաձայն ներկայացնել իր վոդևիլը ու պաֆոսով գոռգոռալ։

— Ես ցույց կտամ քեզ, անպիտան, դու մոռանում ես, թե որտեղ ես գտնվում…

Ու այսպես մոռացած, թե որտեղ ենք, ես էլ սկսեցի իմ «Սասունցի Դավիթը» դեկլամացիա անել, մինչև որ վրա հասավ ժ. 7–ը, Ռուստեմը գնաց նայելու, թե ինչպես է բարեհաճում ուտել փոքրիկ իշխանիկը, իսկ ես օդեալս ուսս գցեցի ու նույն ճամփով, ոգևորությունս քամուն տալով, հասա «Греция», այսինքն՝ հյուրանոց: Թեև «Берлин»-ը ավելի մոտիկ էր, բայց «Греция»-ի Ռուստեմի խորհրդով ընտրեցի, ի պատիվ մեծ իշխանուհու, որ Греция–ի թագավորի աղջիկն է բարեհաճում լինել։ Իհարկե, այս տեսակ նուրբ քաղաքականություններ անհասկանալի և տարօրինակ կթվան ձեզ նման մարդկանց, որոնք պալատում թեյ չեն խմել։

Ռուստեմը պալատական քաղաքավարությամբ առավոտն եկավ ինձ փոխայցելության, հարցրեց իմ առողջությունը, խոսեցինք շատ կարևոր հարցերի մասին, բարեհաճեցինք հիշել ամեն մեկիդ, ու այն օրերը, երբ մենք էլ ձեզ նման հասարակ մահկանացուներ…

Բայց այդ անց է կացել։ Այնուհետև, երբ ժամանակը լրացավ, ես էլ տարա նրան ճամփու գցեցի մինչև պալատ ու մենք հիշեցինք այն երջանիկ ժամերը

Երբ մենք պալատում
Բան էինք կարդում…

Այժմ արդեն կառք եմ վարձել դեպի Ախալցխա, նստած նամակ եմ գրում ու սպասում Ռուստեմին (հենց այստեղ էլ եկավ), որ հրաժեշտի ողջույնը տամ ու շնորհակալություն ուղարկեմ մեծ իշխանին ու մեծ իշխանուհուն ցույց տված պատվի համար։