Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

209. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Աբասթուման-Բաքու

<1902>, 9/XI, <Աբասթուման>

Սիրելի Ավո,

Առողջությանս մասին ի՞նչ ես հարցնում. մեզ նման մարդիկ ինչպես կարող են առողջ լինել էս ժամանակներում, էն էլ փառք աստծու, որ կենդանի ենք, «Մշակի» ջգրու2։

Ես այժմ ավելի լավ եմ։ Ուժասպառ եմ եղած ու ջղերս քայքայված, բոլորովին քայքայված։ Բժիշկն ասում է, այս ջղերով ոչ կարելի է ապրել, ոչ պարապել, պետք է հանգստանաս, ապրես միանգամայն բույսի նման։ Եվ ահա քեզ մի նոր վրդովմունք, հիմարը երևի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման՝ նույնիսկ աշունք չհա սած։ Նրանց տանջանքի մասին տեղեկություն չունի. և ինչ պետք է հասկանա նրանցից, քանի որ ականջը դնում է սրտիս, լսում է, լսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե, ինչ կա։

Ասում է հանգստացիր. բայց միթե հեշտ հանգստություն կա մեզ համար։ Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս։

Ժողովածվիս մասին ես հարցնում։ Այդ խնդիրն էլ կա մեջտեղը։ Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի։ Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարց՝ ինձ ապահովելու, գրել էին, ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձ, հարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի։ Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ, իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են։ Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգստացել,