Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է մին էլ 4 օրից հետո գրեմ-ուշ կլինի։ Ասենք չարժեր գրել, որովհետև այսօր փոստն եկավ, ու քեզանից նամակ չկար։

Շուշանը, ինչպես ինքն ասում է, ինձ կարգին շինել է2, թեև իր նամակում, որ սնունդի համար չեմ գրել-այդ հարց դառավ։ Վերջապես շատ լավ են կերակրել. խեղճերը հո չէին կարող այնպես կերակրել, ինչպես պալատումն Ռուստեմն է կերակրվում։ Տնաշենը աշխարքը թնդացրեց։

Մի՞թե դու կարծում ես՝ Ռուստեմը լավ մարդ է։ Ա՛յ, գրել է, հըրեն պալատից մի ֆրանսուհի աղջիկ է ղրկում մոտս-տեսնեմ հիմի ինչ կասես։ Իհարկե, այն ժամանակ մի քանի ամիս էլ կուշանամ։ Այնուհետև դու էլ մնաս բարով քո երեխաներով-իմ симпатия-ն՝ իրեն նազերով։ Ճիշտ-իսկի եկա՞վ, թե չէ։ Ես կարծում եմ այդտեղ մի բան կա, և կտեսնես, որ կլինի, թե չէ՝ այս ի՞նչ տեսակ աղջիկ է․ մի՞թե այդպիսի աղջիկներ են լինում։

Վերջին աղմուկներից հետո, թե հիվանդների տունը չգնամ, շատ քչերի մոտ եմ լինում։ Լինում եմ Թումանյանների տանը, այն էլ երեկ հարսը (անունը Նեկտար է) երեխա փչացրեց -հղիության առաջին շրջանումն է դեռ։ Այնքան ծանր հիվանդացավ, որ բժիշկն ու ակուշերկան շարունակ մոտն են լինում։ Սաստիկ ցավում եմ. մի շատ համեստ ու կրթված կին էր, միշտ խոսում ենք գրականությունից, և հենց երեկ էլ նոր ստացած «Մուրճն» էր խնդրել. գնացի իրիկունը խոսելու—տեսնեմ պառկած։ Բանից երևում է՝ բժշկի մեղքն է։ Միշտ գնում եմ հարցնում. իրենք էլ մենակ են, մի տուն լիքը կանայք ու աղջիկներ և ոչ մի տղամարդ չկա։ Մարդը նոր է գնացել Բաքու, կարծեմ կգա։

Այստեղ ուրիշ բան չկա։ Կատարյալ ձմեռ է։ Թողել եմ սարերը և զբոսանքներս կատարում եմ ճանապարհներում։

Վահանի ու նանի մասին գրիր տեսնենք՝ ինչպես եղավ։

Մայրդ եկա՞վ, թե չէ Բոլնիսից. գուցե այս անգամ Բոլնիսը խելք տա դրան, որ այդ ցրտերով վեր չկենա չոլերն ընկնի։