226. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Օլյա ջան,
Ես կարծում էի, թե շատ կլինես կարոտած, իսկ դու գրում ես միայն «բավական», էդ բավական չի1։ Բայց կգամ այդտեղ կտեսնեմ։
Ծիծաղս գալիս է, որ գրում ես, թե Արեգը խոսում է․ ինչու չես գրում, թե ինչ է խոսում այդ քոթոթը։
Երեխաներին պատվիրիր, որ կախ չընկնեն ու նայեն պատշգամբից։ Ես որոշ չեմ կարող ասել, թե որ օրը կգամ։ Մտնելու եմ Ախալցխա. Բորժոմ էլ գործ ունեմ։ Այնպես որ, իզուր վակզալ չգաք ոչ մինդ։
Այս նամակիս էլ որ պատասխանես, կստանամ այստեղ, և այդ կլինի քո վերջին նամակը։
Մի վախենար, ոչինչ չեմ թողնիլ. դեռ գուցե ավելի բան բերեմ։
Վահանից ես էլ նամակ ստացա2։ Շատ լավ պոլկում են նշանակել. ամենքին այդ պոլկում չեն նշանակում. դրա շեֆը թագավորն է, և այն էլ այդ պոլկի առաջին ռոտում, որ արտոնյալ ռոտա է։ Գրեցի, որ մնա3. խնդիրը կքննեն, եթե ճիշտ՝ չի կարող՝ կազատեն, թե չէ ինչ ստեր հորինել։ Մանգլիսի պես տեղը… թող գնա սովորի, աշխարհք է, պետք կգա։
Անցյալ փոստին չկարողացա նամակ հասցնել։
Այստեղ մի շատ լավ տղա կար փոստատանը—չինովնիկ. մի շատ համակրելի վրացի տղա, ուրախ, անհոգ։
Առավոտը հանկարծ ասում են Սախվարելիձեն իրեն ռևոլվերով զարկել է։ Գնում եմ տեսնում՝ սենյակն արյունը լիքը, անկողինն ու բարձը արյան մեջ կորած, ինքն էլ անկողնի մեջ ընկած հևում է, դալուկ, շրթունքները ցամաքած։ Ասում եմ—տո՛, այս ի՞նչ ես արել։ Ասում է կյանքից ձանձրացել