Ընկերոջը հարցնում ենք, թե ինչպես զարկեց։ Ասում է ժ. 12-ին եկավ. թե գիտես ես պետք է ինձ ճանապարհին սպանեի, բայց չարի, եկա, որ այս նամակները թողնեմ։ Ահա այս երեք նամակը և այլն, և այլն։ Ռևոլվերը Թիֆլիս է առել (մերժումը լսելուց հետո), նամակները ճանապարհին դրել ու եկել, ար այստեղ իրեն սպանի։ Ասում է՝ ասավ հանգիստ, լուրջ, ու իսկույն ատրճանակը հանեց, դրավ կրծքին ու զարկեց, մինչև ուզեց երկրորդ անգամ զարկի, հասա խլեցի, ինքն ընկավ։ Իրեն փակեցի տանը մենակ ու ես վազեցի նաչալնիկի ու բժշկի ետևից։
Բայց նրա գնալուց հետո սա ինչ է անում, ինչ եք կարծում։ Վեր է կենում, հայելին դնում առաջին ու նայում, թե ինչ տեսակ է վերքը…
Ահա մարդն ու իր կյանքը.-տրագիկոմեդիա։
Եթե այս իբրև լուր տպեք «Новое обозрени»-ում, անունը ամբողջովին չգրեք։
Ես լավ եմ։ Երևի մյուս ժողովր միասին կանենք։
2-ին դուրս կգամ։
Իմ Тячкин-ը վերջերս մռայլ էր։ Այժմ էլ հանկարծ բացվել է արևի նման և սիրահարվել ինձ վրա։ Գալիս է այս մի քանի իրիկունները մոտս նստում, խոսում, խոսո՜ւմ… Սա է, այն անհամար թշվառներից մինն է, որոնք միմիայն մի բան գիտեն, որ իրենք իզուր ապրեցին ու տանջվեցին, դատարկ բաների վրա մաշեցին կյանքները ու արդեն զգում են մահվան մոտիկությունը։ Շատ հետաքրքրական բան է, երբ մարդը, թեկուզ ամենահետին, ամենաչնչին մարդը, բաց է անում իր սիրտը։ Անդունդներ են սրտերը, լիքը՜-լիքը՜. ի՞նչ չեք գտնիլ այնտեղ։ Սակայն ցտեսություն։