Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն այն էլ ասեմ, որ նրանց ազդեցության տակ ես միայն սկսել եմ։

Ես այժմ գտնվում եմ Աբասթուման, ուր եկել եմ մի երեք ամսով կազդուրվելու։ Այս ամսի վերջը կվերադառնամ Թիֆլիս։ Եթե հարկավոր կլինեմ Ձեզ, խնդրում եմ գրեցեք այս հասցեով.

Тифлис, Бебутовская 50, Ованесу Туманяну.

Ընդունեցեք իմ ջերմ հարգանքներր, որով մնում եմ միշտ դեպի Ձեզ՝

Հովհ. Թումանյան

228. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման — Թիֆլիս

<1902>, 29 նոյեմբերի, Աբասթուման

Օլյա ջան,

Թեև մի քիչ հիվանդ եմ, բայց ամեն կերպ աշխատում եմ շուտով անցկացնել և գալ…

Այս երևի վերջին նամակս կլինի. վերջին ասելով՝ ոչ թե այս ջերմից կմեռնեմ, այլ այստեղից վերջինը կլինի։

Գալուս օրվա մասին չեմ գրում, այնքանը իմացիր, որ ամսի սկզբի օրերում այդտեղ կլինեմ. իհարկե, ամեն կերպ կաշխատեմ տաք լինել. դժվարը մինչև Բորժոմ է։ Չգիտեմ ինչու այսօր նամակ չունեիր։

Մոսկվայից անցյալները կարծիք էին հարցրել տպելու համար, թե որ բանաստեղծն է ինձ դյուր եկել. գրեցի իմ կարծիքը, մեջն էլ, իմիջիայլոց, այն, թե Ս. Շահազիզին չեմ սիրել։ Նամակս ղրկել եմ1։

Հենց այսօր նամակ եմ ստանում Շահազիզից, որ ցավում է իմ հիվանդության համար. ցավում է և նրա համար, որ այս տարի ֆոնդից ինձ քիչ է բաժին հասնում, եկող տարի ավելի կլինի և մշտական, և այլն, և այլն2։