Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր սրտացավ վերաբերմունքի համար։ Ինձ համար միշտ քաղցր է Ձեր բարեկամությունը ու միշտ բարձր Ձեր խրախուսանքը։
Ինչպես արդեն գիտեք, ես հիվանդ եմ և երրորդ ամիսն է ապրում եմ Աբասթուման։ Այնինչ սիրտս քաշում է ուրիշ կողմ։ Երկար ժամանակ է չեմ եղած իմ հայրենիքում։ Սաստիկ ցանկանում եմ գնալ, միառժամանակ շնչել մանկությանս սիրած վայրերի օդը, ապրել մեր ժողովրդի մեջ։
Եվ առհասարակ ուզում եմ մի անցնել մեր գավառները, բայց հիվանդությունս կամ ընտանեկան հանգամանքները խանգարում են ու միշտ հետաձգում եմ։
Այսպիսով հեռու ենք մնում ու խորթանում մեր երկրին, մեր ժողովրդին, նրա սովորություններին, նրա լեզվին։
Իմ կարծիքով այս հանգամանքը եղել է մեր բանաստեղծների ամենամեծ դժբախտությունը, մանավանդ, մեր նախորդների՝ Ձեր ու հանգ<ուցյալ> Գամառ-Քաթիպայի։
Մենակ տաղանդն ինչ անի. հարկավոր են բարեհաջող պայմաններ։
Այս օրերս դեպք եղավ այդ մասին խոսելու մի նամակում2։
Հիրավի, ճակատագրի ինչ տարօրինակ խաղ. հայոց բանաստեղծներն ընկնում են հյուսիս ու Կովկասը կարոտելով երգում են օտար աղջիկն ու օտար վայրերը, իսկ ռուս բանաստեղծներին բախտը հալածում է Կովկաս, և այս հալածականները երգում են Կովկասի սարերն ու ժողովուրդը։
Գալով իմ գրքի տպագրությանը, պետք է ասեմ, որ իշխանուհին և նրա հետ իմ մի երկու մոտիկ բարեկամները իզուր են գործը այդքան մեծացրել3։ Ես նրանց խնդրել էի, որ այդ խնդիրը առայժմ թողնեն։ Մեկ՝ որ ձեռքիս գրվածքներ ունիմ, որ դեռ չեն վերջացած, երկրորդ՝ ինքնըստինքյան այնքան մեծ բան չի լինելու, որ արժենար դիմումներ անել տպագրության համար. քանզի, նրանց հակառակ, ես չեմ ուզում վերատպել իմ երախայրիքները. պատանեկան անփորձ գործեր են, և ավելի շատ պակասություններ ունին, քան արժանիքներ։