Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

244. ՄՈԻՇԵՂ, ԱՇԽԵՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Աբասթուման—Շուլավեր

<1903>, հուլիսի 20, 21, Աբասթուման

Սիրելի Մուշեղ, Աշխեն և Նվարդ,

Ձեր հիշատակարանները այնքան կարճ են, որ ավելի շուտ մոռացարաններ են, քան թե հիշատակարաններ։ Ամենից լավը Նունիկինն էր, որ կորել է… ես երևակայում եմ, թե ինչքան բաներ կային մեջը գրած։

Դուք հիշատակարան գրել չգիտեք։ Որ գնում եք մի տեղ—նայեցեք, թե ինչն է ամենից շուտ ձեր ուշադրությունը գրավում, մարդիկ, բնությունը, բնության ինչ տեսակ լինելը, մարդկանց ինչ տեսակ կյանքը, մի խոսքով ամեն բան, ինչ որ ձեզ վրա տպավորություն է անում, ուրախ թե տխուր, ամեն բան պետք է նշանակեք։ Նրանից հետո ինչ է պատահում ձեզ հետ, ինչ է պատահում ձեր մոտիկ շրջանում, մեր տանը՝ ամեն բան։ Իհարկե, մի որոշ կարգով։ Բնությունը, ժողովուրդը, նրանց կերպարանքը, ապրուստը, ձեր կարծիքը այդ բոլորի մասին, ձեզ հետ պատահած ու ձեր մոտիկներին պատահած դեպքերը։ Այսպես, կգրեք ու կուղարկեք ամեն շաբաթ հերթով, ամեն մեկդ մի օր։ Բայց իրարից չգողանաք, երբ որ կղրկեք, հետո սևագրությունը կկարդաք, որ իրար նման չգրեք։

Աշխատեցեք լավ առողջանալ, բայց զգույշ կացեք, որ անպետք բաներ չուտեք կամ չքրտնեք։ Արտիկն էլ թող իրեն հիշատակարանը ղրկի, մարդը նա էլ է գրում։

Համբուրում եմ բոլորիդ։

Հայրիկ

<Հ. Գ.> Նամակների տակ ինչ եք միշտ գրում՝ քո դուստր — դուստրն ավելորդ է, ես գիտեմ1։