Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

245. ՄՈՒՇԵՂ, ԱՇԽԵՆ, ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Աթասթուման—Շուլավեր

<1903, VII>1, 24, <Աբասթուման>

Սիրելի Մուշեղ, Աշխեն և Նվարդ,

Գալու ժամանակ ես ձեզ ասի, որ շուտ-շուտ նամակ գրեք, ասի, որ հիշատակարան պահեք և ամեն մեկդ ամեն շաբաթ ուղարկեք։ Այստեղից էլ մի քանի անգամ գրեցի մայրիկին էլ, ձեզ էլ։ Եվ այդ բոլորից հետո ամբողջ մի ամիս է եկել եմ, ձեզանից ստացել եմ ամեն մեկիցդ երկու տող։

Ենթադրենք, թե մայրիկն այդ մասին քիչ է հոգում, ձեզ չի ստիպում կամ չի կարգադրում, բայց դուք ինքներդ մի՞թե չեք կարողանում հասկանալ և մի՞թե չեք ուզում ինձ նամակ գրել։ Չէ՞ որ դուք կարդում եք ուսումնարանում, փողոցային երեխաներ չեք, չէ՞ որ դուք փոքր չեք, մի՞թե չեք կարողանում հասկանալ, որ երբ որ հայրիկն օտար տեղ է և ձեզ ասում է, որ ամեն մեկդ շաբաթը մի նամակ գրեք, դուք պետք է անպատճառ գրեք։ Մի՞թե դուք այդքան անկիրթ (невоспитанн<ый>) երեխաներ եք, որ այդպիսի բանի համար պետք է ձեզ ստիպեմ կամ բարկանամ ձեզ վրա։

Ինչո՞ւ համար եմ ես ուրիշներին գրում, որ տեղեկություն գրեն ձեզանից, շաբաթներով նամակ չեք գրում և չեմ էլ կարողանում իմանալ, թե որտեղ եք. կամ Մոսոյին եմ գրում, կամ Օսեփին, կամ Ռոստոմին, կամ Երվանդին եմ հեռագիր տալիս2։

Այստեղ ուրիշները զարմանում են ձեզ վրա, թե այդ ինչպես բան է, որ ես շարունակ գրում եմ՝ գրեցե՛ք, գրեցե՛ք, և այսպես ուշ–ուշ եմ տեղեկություն ստանում։ Այնինչ, եթե ամեն մեկդ շաբաթը մի անգամ գրեք, ես ամեն օր տեղեկություն կստանամ։

Այս վերջին անգամ էլ հանդիմանում եմ ձեզ և եթե այժմ ինչ որ կասեմ, այնպես չեք վարվիլ, հետո շատ կփոշմանեք բոլորդ։