Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



4.Անուշավան Աբովյանին
Թիֆլիս—Պրոսկուրով

1890 թ. 28, <29> սեպտեմբերի, Թիֆլիս

Սիրելիդ իմ Անուշավան,

Մի ժամ առաջ ստացա նամակդ1 և որոշեցի վաղը պատասխանել, բայց նամակդ ստանալուց հետո, այս մի ժամվան ընթացքում այնպիսի մի հանցանք գործեցի, որ ծանրանալու է իմ խղճիս վրա իմ ամբողջ կյանքում։ Փառք աստծո, որ հանցագործությունն ընդհատվեցավ մի ոտնաձայնով, և ես ուշքի եկա. ասենք խելք չունեմ, որ ասեմ խելքի եկա։ Ես բոլորովին հրաժարվում եմ եղելությունը պատմելուց, դա այն մի քանի գաղտնիքներից մեկը կմնա, որոնցից յուրաքանչյուր մի մարդ ունենալով, չէ հաղորդում աշխարհում և ոչ մեկին, որովհետև շրթունքներր չեն զորում և յուր մարդկային զգացմունքները փակում են բերանը։ Այս րոպեին ես ինձ այնքան ստոր եմ զգում, որ անարժան եմ համարում ինձ խոսալ քեզ հետ, սիրելի անվանել, չեմ համարձակվում մտածել, որ ես էլ մարդ եմ, արժանի եմ աստծո աշխարհում շրջել և նայել աշխարհին։ Ես չեմ կարող, չեմ կարող եղելությունը, կամ ճիշտն ասած եղեռնագործությունը, պատմել, բայց խոստովանում եմ քո առաջ, որ խիղճս հանգստանա։ Գուցե ես մեղավոր չեմ… սաստիկ հուզված եմ։ Երանի կյանքս տևած լիներ մինչև այն սոսկալի վայրկյանը։ Ինչ որ գիտես, գործ դիր սիրտս հանգստացնելու, համար. ասացի, որ գործը չկատարվեցավ։

Բոլորովին ուրիշ բաներ էի գրելու։ Այս նամակը թող այսպես լինի։ Ես ուզում եմ քեզ հաշիվ տալ իմ կյանքիս մասին, որպեսզի մտածեմ, թե կա մի անձնավորություն, որը մտածում է իմ այս փոթորկալի և օրապակաս կյանքի վրա։ Գուցե գրել եմ և նախկին նամակներումս, որ անձնատուր եմ եղած իմ անզուսպ մոլություններին և ժամեժամ տեսնելով մահաբեր հետևանքներն ու նշանները՝ չեմ զգաստանում։