բայց կրկին շտապում եմ համբուրել, որ տպավորությունը անցնի։ Ես գիտեմ, որ քեզանից՝ ավելի փափկասիրտ եմ ես։
Այսօր առավոտյան պատրաստվում էի գրելու, մի տիկին եկավ, թե տիկին Սոֆյան ձեզ անտառում թեյի է խնդրում։ Գնացի, քեզ վրա շատ խոսեցինք, տիկիններն սկսեցին պաշտպանել քեզ, իսկ տիկին Սոֆյան շատ բարև է անում։ Այնտեղից գնացի վաննա ընդունեցի. այժմ եկել նամակս գրում եմ ժամը 12-ն է։ Մի երկու ժամից հետո փոստ է գալու կրկին, այստեղ ամեն օր փոստ է գալիս, իսկ շաբաթն երեք օր երկու անգամ է գալիս օրը։ Այս ճաշի փոստով սպասում եմ, որ քեզանից նամակ կլինի։ Իսկ առավոտյան փոստով բաց նամակ ստացա իմ թանկագին Մոսոյից։ Կարողացա կարդալ։
Անցյալ օրն էլ մի պոստ–կարտ ստացա օր. Վարիայից2։ Հարցնում է քո հասցեն, ասում է՝ նամակ եմ գրել, չգիտեմ ստացել է թե ոչ. գրել է իրեն հասցեն, այս է. Манглис, дача Писарская, Торощиной, Варваре Томасовне Хандамировой.
Տեր Գեորգի աղջկա մասին գրել եմ։ Ինչպես երևում է, նամակներս բոլորը չես ստանում3։ Նա և իր եղբայրը հենց իմ հարևանն են, ես ցույց տվի սենյակը։ Խեղճը լավ աղջիկ է, խելոք է երևում, բայց երկու ծանր դժբախտություն ունի մեկը հիվանդությունը, մյուսը՝ Մացակը։ Հիվանդությունից գուցե և ազատվի, բայց Մացակից ուր պետք է գնա։ Շատ է դարդ անում երեխաների համար։ Բարևում է, թեև անծանոթ, տիկին Մելիք-Հայկազյանը. վաղը չէ, մյուս օրը սպասում ենք Լոնդոնից օրիորդին4։
Ռուստեմից (բժշկից) նամակ ստացա Կիսլովոդսկից5: Կինը գնացել է հայրենիք, մենակ է։ Գրում է, որ դեռ լավ առողջանամ, հետո պարապեմ։ Ես առանց այն էլ այդպես եմ անում։ Բայց քիչ-քիչ էլ պարապում եմ, որ շատ չուշացնեմ հրատարակությունը6։