Վերջիվերջո՝ մենք մեր անձնական կյանքով չենք ապրում, այլ մեծ մասամբ ուրիշի, ընդհանուրի, աշխարհքի։ Այսպիսով, քիչ է մնում մարդ գա հների այն կարծիքին, թե աստղերն էլ իրենց ազդեցությունն ունին մարդու բախտի վրա, առողջության ու տրամադրության վրա։
Այս ճշմարտությունը մենք գիտեինք, բայց տեսականորեն։ Ուրիշ բան է, երբ որ մի բան ապրում ու զգում ենք։
Իբրև թե քիչ էինք հուզվել ու քայքայվել, քիչ էինք հիասթափվել ու հուսահատվել, այս վերջին դեպքերն էին պակաս։ Բայց վերջին դեպքեր ասելով, դուք չկարծեք, թե կառավարության կարգադրությունն եմ ասում, ոչ, այդ մասին բոլորովին ուրիշ կարծիքի եմ ես։
Բայց այդ կարգադրությունը դուրս հանեց մեր ժողովրդին և մի անգամ էլ ցույց տվավ մեզ, թե որքան խավար ու ողորմելի բան ենք մենք, անգիտակից ու կույր մի ամբոխ, որ ոչ իրեն է հասկանում, ո՛չ շուրջը, ո՛չ լավը, ո՛չ վատը, ո՛չ չարը, ո՛չ բարին։ Ես ականատես եղա դեպքերի, որոնք դարձյալ հաստատեցին, թե շատ տարբեր բաներ են մտածող անհատն ու բազմությունը, ժողովուրդը, որ իր մեջ պարունակում է ամեն, ամեն բան, ավելի շատ խավար, քան պայծառ, բոլորովին տարբեր բաներ են, բայց իրար կապված ճակատագրական կապերով։ Եվ մարդ երբեմն իրեն զգում է Գրիգոր Լուսավորչի դրության մեջ, Խոր Վիրապի անդունդի մեջ ընկած, շուրջը՝ օձեր ու կարիճներ։
Մի ամիս ու կես ասեմ, թե ավելի, մի խոսքով ինչ որ սկսվել է կալվածական աղմուկը դրա հետ միասին սկսվել է առանձնապես իմ հալածանքը։ Կարծես, որ բանաստեղծ եղար՝ դարձար քավության նոխազ, պարտավոր ես ամեն մի տխմարի կամ տխմարների նախիրի դրոշակը տանել