Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնկելու, որտեղ իրենք, կամ, ինչպես սովորաբար ասում են. ազգի քեֆը կտա։ Դու տեսնում ես, որ առաջդ ոգևորված մարդը չի կանգնած, այլ հարբած գռեհիկը, և համեցեք խոսք հասկացրու նրան կամ օձիքդ ազատիր նրա ձեռքից։ -Տաքացած ենք մենք․ հազիվ է տաքացել ժողովուրդը, մեզ ինչու ես սառցնում․․․-ասում են ինձ։ Ասում եմ՝ ցավն է այն է, որ դուք միայն տաքացած եք, ուրիշ ոչինչ, և առանց ինձ էլ կսառչեք։ Հիրավի, կատվի վազը մինչև մարագը կլինի, մի անգամ բռնկելու, մի գցելու վառոդ ունեն, պրծնում են, վեր նստում, գնում իրենց բանին, և այլևս չեն հարցնում, թե ինչ եղավ շարունակությունը։

Եվ իմ աչքի առաջ այդ տաքացածներից շատերը արդեն ձեռքները թափ են տալիս՝ տո, հե՜րն անիծած, ինչ ուզում են անեն… բան չունե՛ս… -համեցեք մարդը1։

Մի քահանա եկեղեցում, հրապարակավ քարող է խոսում ժողովրդին, էլ ազգ, կրոն, եկեղեցի, նախնիք, վերջապես Վարդանանց պատերազմն է առաջ քաշում։ Ժամից դուրս գալուց հետո խոսում է հետս և ինչ եք կարծում… ծիծաղում է, ասում է՝ հիմար բաներ են…

Ի՞նչ ասեք տեր հորը։

Մեր կողմերը Էջմիածինը մեծ կալվածք ունի2։ Ժողովուրդն, իր ժամանակին, քննության ժամանակ աշխատում էր, որ կառավարությունը տանի, այդ գլուխ չեկավ։ Այժմ աղմուկներ են հանում այդ կալվածքի խնդրի համար, մոտ չեն թողնում իբրև թե… Գիտե՞ք՝ ինչու եմ «իբրև թե» ասում, որովհետև նրանց նորերս դրած խնդիրներն այժմ այստեղ գավառապետի մոտ են, որոնցով խնդրում են այդ կալվածները խլել Էջմիածնից։

Ոչ մի բան այնքան ճշմարիտ չի, որքան այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են։

Եվ այս խնդիրը իզուր և հիմարաբար այսքան մեծացրին ու վերջինը վատ պետք է լինի, քան առաջինը։ Բայց այս մասին հետո զրույց կանենք։