Շատ էի ցանկանում Ձեզ տեսնել. մի անգամ էլ Ձեզ լավ հայտնի երեքով ուզեցինք գալ1, ասին, որ մի շաբաթ դեռ մնալու եք Ձեր հորանց տանը՝ Ձեր հորը մխիթարելու։
Հիրավի, ինձ թվում է, որ Ձեր ընտանիքին հասած վիշտը շատ մեծ հարված էր հատկապես Ձեր ծերունի հոր համար։
Զարմանալի է։ Ես այնքան չեմ ցավում, երբ որ ջահել մարդը կորցնում է իր ամուսինը, որքան ցավում եմ, երբ որ տեսնում եմ ծերունուն, որ հանկարծ մնում է մենակ։
Ինձ թվում է, թե ջահել սիրտը դեռ կարող է մխիթարվել, դեռ կրում է իր մեջ նորից ապրելու հույսը, և այդ հույսով էլ, թեկուզ վշտի արցունքների տակից, նայում է կյանքին ու աշխարքին. իսկ ծեր մարդը այսպես չի, երբ որ կորցնում է իր բազմամյա միակ մտերիմ հոգին։ Նրա համար մնում են աշխարքում միայն նրա գերեզմանը և անցյալ օրերի հիշողությունները։
Անշուշտ, այս բոլորը Դուք լավ եք զգում, որ մնում եք նրան մխիթարելու։
Իսկ ինչ վերաբերում է Ձեզ, պետք է համոզված լինիք, թե որքան ցավ կարող են զգալ Ձեր վշտից այն սրտերը, որ այնքան մոտիկ են Ձեզ և այնքան լիքը՝ սերտ բարեկամության մաքուր զգացմունքներով։