Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Հիշատակված N-ը Գր. Արծրունին է, որն Ասիացի ստորագրությամբ իր հերթական «Ֆելիետոնում» և «Մի բացատրություն» հոդվածում (ՄՇ, 1890, № 36, 37) ծաղրել էր Ավ. Արասխանյանի ողջույնի խոսքը՝ գրված Խրիմյան Հայրիկի՝ ապրիլի 4-ին լրացող 70-ամյա հոբելյանի առթիվ, և «Իշխան Բիսմարկի հրաժարականը» հոդվածը (ՄՃ, 1890, № 3)։

Վրդովեցուցիչը սույն նամակը ստորագրողների համար, ըստ երևույթին, Խրիմյան Հայրիկին վերաբերող մասն էր։ Հիշեցնելով «Մուրճի» 1889 թ. առաջին իսկ համարներում Պռոշյանի «Ցեցերի» տպագրությունը, Արծրունին իր «Ֆելիետոնում» ընդգծում էր, որ մեծարելով Խրիմյան Հայրիկին, Արասխանյանը նպատակ ունի քավելու «Ցեցերն» իր ամսագրում, տպագրելու մեղքը (տարածված էր այն թյուր կարծիքը, թե Տաճատ Գնթունու կերպարով Պռոշյանը քննադատել է Խրիմյան Հայրիկին։ Նույն կարծիքն ուներ և Շիրվանզադեն. տե՛ս ԱՐՁ, 1889, № 24, էջ 360, № 25, էջ 374):

Անկախ Խրիմյան Հայրիկի անվան հիշատակումից, Արծրունու վերոհիշյալ երկու հոդվածների միտումնավորությունն ակներև է։ Վերջինիս երգիծանքի առիթը ավելի շուտ Արասխանյանի վերաբերմունքն էր նրա լրագրական-հասարակական գործունեության 25-ամյակը 1890 թ. մայիսի 6-ին նշելու՝ Տիգրան Նազարյանի «Հրավերի» դեմ (ԱՂ, 1890, № 1, II բաժին, էջ 1, № 3, էջ 125, 138)։

Արասխանյանի կարծիքով, Արծրունու հոբելյանը պետք չէր կապել «Մեղու Հայաստանի» պահպանողական թերթում հրապարակված նրա առաջին հոդվածի հետ։ Նա պնդում էր, որ Արծրունին անբաժանելի է «Մշակից», իսկ «Մշակի» 25-ամյա հոբելյանը լրանում էր 1897 թ.։ Բայց, չնայած դրան, նա կոչ էր անում մոռանալ ամեն տեսակ կողմնակցություն և Արծրունուն գնահատել իր մեծ գործերով։

Ղ. Աղայանը ևս այն կարծիքին էր, որ Արծրունու հոբելյանի կատարմամբ «Հայերը ցույց կտան, թե գիտեն փառավոր պսակ գնել մտքի և խոսքի մշակի գլխին նաև նրա կենդանության ժամանակ» (ԱՂ, 1890, № 3)։

Ինչպես Աղայանի, այնպես էլ Տ. Նազարյանի և հոբելյանի «մասնախմբի» նպատակը մի կողմից երիտասարդության աչքում Արծրունու հեղինակության բարձրացումն էր, մյուս կողմից՝ «Մշակին» ֆինանսական օժանդակություն ցույց տալը։

2 Սույն նամակը գրելու միջոցին Թումանյանը տակավին չէր աշխատակցում «Մուրճին», նա միայն համակրող էր նոր հրատարակվող ամսագրի, որն իր շուրջն էր համախմբել հայ նշանավոր գրողներից շատերին և երիտասարդության մի մասին։ Մտերմությունը «Մուրճի» հետ սկսվում է նրա «Բանաստեղծությունների» աոաջին հատորի լույս տեսնելուց հետո, երբ 1891 թ. հունվարյան համարում (№ 1) լույս է տեսնում Լ. Մանվելյանի