22. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս — Կամենեց - Պոդոլսկ
(էջ 52)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԹՖ, № 273։ Տպագրվել է ԵԺ V, 34 — 37։ 1 Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում (տե՛ս № 15 նամակի № 4 ծանոթագրությունը) աշխատելիս բանաստեղծը ստանում էր 16 ռուբլի 60 կոպեկ աշխատավարձ։
2 Տե՛ս № 19 նամակի № 5 ծանոթագրությունը։
3 Տե՛ս № 9 նամակի № 6 ծանոթագրությունը:
4 Տե՛ս № 15 նամակի № 4 ծանոթագրությունը։
5 Խոսքը վերաբերում է գիրք ստանալու առիթով հիշված օրաթերթի հետևյալ հայտարարությանը. «Մի շատ սիրուն և շնորհքով գրված գըրքույկ ենք ստացել, դա Հովհաննես Թումանյանի (Դսեղցու) բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն է» (ՆԴ, 1890, № 184, նոյեմբերի 24)։
6 Նոյեմբերի 24-ին «Մշակում» տպագրվել էր հետևյալ լուրը. «Ստացանք Մոսկվայում, Մ. Բարխուդարյանի տպարանում, ներկա 1890 թ. տպված Հովհ. Թումանյանի «Բանաստեղծությունները». գիրքը շատ մաքուր է տպված։ Արժե 35 կոպեկ, իսկ պոստի ծախսով 45 կոպեկ (ՄՇ, 1890, № 135):
7 Խաչ. Մալումյանի (Աղ-Լեր, հետագայում նաև էդ. Ակնունի) միտումնավորությունը հետապնդում էր մի նպատակ՝ բանաստեղծների հին սերունդը հակադրել նոր սերնդին, հատկապես նրանց, ովքեր տպագրվում էին «Մուրճում», «Աղբյուրում» (Հովհ. Հովհաննիսյան, Ալ. Ծատուրյան և ուրիշներ), «Մուրճը» իր ամեն մի համարում, — գրել է նա, — մեկը մյուսի ետևից ոտանավոր է որ տպագրում է. նրա ճակատին դրոշմում է «Բանաստեղծություն» անունը և ինքը՝ խմբագիրը, այնքան ոգևորվել է այդ ոտանավորներից, որ իր ամսագրի համարներից մեկում պարծանքով հայտարարեց, թե «Մուրճը» ծնել է շատ բանաստեղծներ»: Եթե «Մուրճի» և դրա հետ միասին «Աղբյուրի» ծնած բանաստեղծները (որոնք մանկական ամսագրի էջերը բեռնավորում են ոտներով ու հանգերով) հենց ծնած օրն էլ Աբրահամի գոգը մտնեին, հավատացնում եմ, որ Հայոց գրականությունը ոչ թե միայն մի բան չէր կորցնի, այլ շատ էլ օգուտ կունենար» (ՄՇ, 1890, № 138)։ «Մշակի» այդ անհանդուրժողական վերաբերմունքը շարունակվեց և հետագայում։