40. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ
(էջ 101)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 280։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 64-66։
1, 2 Կոնսիստորիայում Թումանյանը գրագրի պաշտոն էր վարում 1887 թ. օգոստոսից մինչև 1892 թ. մարտ ամիսը։ Մարտի 22-ից աշխատանքի է անցնում Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությունում, որտեղ գրասենյակապետի պաշտոնով մնում է մինչև 1893 թ. հոկտեմբերի 19-ը, ստանալով 20 ռ. աշխատավարձ։ Ժամանակը որոշվում է հրատարակչական ընկերության նախագահ Ալեքսանդր Քալանթարին Թումանյանի ուղղած հոկտեմբերի 19-ի գրությամբ, որով նա խնդրում է ազատել իրեն աշխատանքից։ Այսպիսով, ճիշտ չէ սույն նամակի առաջին հրատարակության ծանոթագրությունը հիշյալ ընկերության գրասենյակում Թումանյանի «մոտ մի տարի» աշխատելու մասին (ԵԺ V, 64)։
«Մի քանի գրականական բարեկամներ» ասելով Թումանյանը, հավանաբար, նկատի ունի Ղ. Աղայանին, Պ. Պռոշյանին, Ավ. Արասխանյանին, գուցե նաև Ալ. Քալանթարին, որը 1891 —1892 թթ. հրատարակչական ընկերության նախագահն էր։ Վերջինս «Ընթերցող» ստորագրությամբ իր նամակով բողոքել էր երիտասարդ բանաստեղծների, այդ թվում և Թումանյանի նկատմամբ «Մշակի» բացասական վերաբերմունքի դեմ (ՄՃ, 1890, № 12)։ Նախքան հրատարակչական ընկերությունում աշխատանքի անցնելը, Թումանյանը նույն թվականի մարտի 1-ից անդամագրվել էր ընկերությանը («Տեղեկագիր Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության» 1891-1892, էջ 19։ Պահպանվում է նաև ընկերության մարտի 1-ի գրությունը, ըստ որի 1892 թ. փետրվարի 27-ի նիստի որոշմամբ Թումանյանը ընտրվել է ընկերության անդամ)։ Հնարավոր է, որ հրատարակչական ընկերության 1892 թ. մարտի 20-ի ընդհանուր ժողովի օրն է որոշվել ընկերության գրասենյակում Թումանյանի՝ պաշտոնի անցնելու հարցը։
3 1892 թ. մարտի 8-ին տեղի է ունեցել կաթողիկոսական ընտրություններին մասնակցելու համար ծխական-եկեղեցական պատգամավորների ժողովը, որը պետք է ընտրեր թեմական մեկ պատգամավոր, պարզվում է, որ ժողովը անօրինական է, քանի որ ներկա էին ոչ բոլոր պատգամավորները։ Այդ և կանոնների այլ խախտումներ, որ թույլ է տալիս ժողովի նախագահ և թեմի առաջնորդ Մամբրե եպիսկոպոսը, ստիպում են Արծրունուն և 45 այլ պատգամավորների հեռանալ ժողովից և կազմել բողոքագիր՝ ինչպես եպիսկոպոսի, այնպես էլ Էջմիածնի անունով։ Վերջինս հարգում է բողոքագիրը և ապրիլի 22-ին թվով 103 ծխական պատգամավորներ թեմական պատգամավոր են ընտրում դարձյալ Արծրունուն (Ար.