(ՄՇ, 1893, № 23, ԵԺ V, 79)։ Սա գրված է հուշագրության մեջ Գեորգ IV կաթողիկոսին և ճեմարանին վերաբերող խիստ բացասական վերաբերմունքի դեմ «Նոր դարի» զայրույթի և Աղայանի հասցեին ասված հետևյալ խոսքերի առիթով. «Զարմանում ենք, որ Աղայանը դեռ համաձայնվում է մնալ այն հաստատության մեջ, որ Գևորգ կաթողիկոսի գործն է» (ՆԴ, 1893,№ 203, նոյեմբերի 17)։ «Խավարամիտների գլխացավը» գրված է ավելի վաղ, քան «Նոր դարի» նոյեմբերի 17-ի այդ խոսքերը։ Գիտական հրատարակության սխալը կրկնվում է նաև Աղայանի՝ 1893 թ. նոյեմբերին Թումանյանին գրած նամակի «ներփակյալ հոդվածը կտաս «Մշակի» խըմբագրությանը» տողի ծանոթագրության մեջ, որտեղ նույնպես «Խավարամիտների գլխացավը» նույնացվում է դեկտեմբերի 1-ին գրված «նամակ խմբագրության» հետ (ԱԵժ IV, 538, 659)։
5 Խոսքը վերաբերում է Գևորգյան ճեմարանի տեսչությունից Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի (եղել է նաև Էջմիածնի ուսումնարանական հանձնաժողովի նախագահ) հրաժարական տալու հանգամանքներին։ «Մշակականները», ըստ երևույթին, սկզբում կարծել են, որ նոր կաթողիկոսն ինքն է Սեդրակյանին հեռացրել պաշտոնից։ Նոյեմբերի 5-ի Թումանյանին՝ Աղայանի նամակի պատասխանից պարզվում է, որ Խրիմյան հայրիկը դժգոհել է «նորդարականների» կամ իր նախորդ Մակար կաթողիկոսի կողմնակիցների՝ Սեդրակյանի վրա ունեցած ազդեցությունից, թեպետ վերջինիս նկատմամբ նրանց (պահպանողականների) վերաբերմունքը, ինչպես որոշակի է «Նոր դարի» 1893-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թղթակցություններից, բացասական էր։ Սեդրակյանն իր գործունեությամբ մեծ համարում ուներ «մշակականների» մեջ, մտերիմ էր հատկապես Աղայանի հետ։ Նրա հրաժարականը և Աղայանի միջամտությունը մեղմել է կաթողիկոսի զայրույթը, և նրանք հաշտվել են (ԱԵԺ IV, 534)։ Նախորդ նամակի «Տրտնջում են սրբազանի դեմ՝ նորա չափազանց զգայնության համար» խոսքերով Թումանյանը նկատի ունի վերջինիս հրաժարականը։
Սեդրակյանի հրաժարականի պատճառը մամուլի բազմաթիվ հաղորդումների մեջ հստակ չէ. «Մուրճի» և «Նոր դարի» լուրերից մեկում դա կապվում է Խրիմյան Հայրիկի հրամանով ճեմարանի երգուսույց Կարա–Մոււրզային ազատելու և Սողոմոն սարկավագին (ապագա Կոմիտաս վարդապետին) նշանակելու հետ (ՄՃ, 1893, № 10, էջ 1604, ՆԴ, 1893, № 187)։
6 Աղայանը շնորհավորել էր Վարդազարյանին՝ «Մուրճից» հեռանալու կապակցությամբ՝ «Շնորհավորում եմ ազատությունդ» խոսքերով (ԱԵԺ IV, 533)։
7, 8 Խոսքը վերաբերում է «Հորիզոն» հանդեսին (տե՛ս № 55 նամակի № 5 ծանոթագրությունը)։ Վարդազարյանն իր միջոցներով և համաձայն նախօրոք կնքված պայմանագրի, որով 1000 ռուբլի էր տրամադրել Թումանյանի